Խաչատուր Աբովյանի նախնական կրթությունը

Ավելի քան 300 տարի առաջ (17-րդ դարի 80-ական թթ-ին) Աբովյանի նախնիները բնակություն են հաստատել պատմական Քանաքեռում:Նրանց նախահայրը կամ տոհմապետը՝ Մելիք-Աբովը իր ազգականներով գաղթել է Լազիստանից, որը գտնվում է Հյուսիսային Կովկասում, Սև ծովի հարավում: Չդիմանալով Կովկասի լեռնական ազգերի անընդհատ հարձակումներին և պատճառած նեղություններին՝ նա իր ընտանիքով, մի քանի ուրիշ հարևան ընտանիքների հետ միասին եկել է Երևան, և ստանալով սարդարի համաձայնությունը, բնակություն է հաստատել Քանաքեռ գյուղում:
Մելիք Աբովը գրողի պապի պապն է: Խաչատուրի պապի հոր անունը եղել է Վիրապ, պապինը՝ դարձյալ Աբով: Վերջինս՝ պարոն Աբովը (այսպես էին նրան կոչում), Արարատյան աշխարհի երևելիներից էր: Ժամանակի համեմատ բավականաչափ զարգացած, շրջահայաց, գիտակ սուրբ գրքին ու աշխարհիկ գրվածքներին: Քանաքեռի բոլոր հին բնակիչները հպարտությամբ ու հարգանքով են հիշում պարոն Աբովին, այսպես են բնութագրում նրան. Կարիքավորների համար՝ գանձ, երջանիկ ամուսին ու հայր, հարուստ, բայց վերին աստիճանի բարեգործ ու հյուրասեր: Նրա տունը միշտ լիքն էր լինում հյուրերով:
Պարոն Աբովը ուներ երկու որդի՝ Հարությունն ու Ավետիքը, և չորս դուստր: Որդիներից կրտսերը՝ Ավետիքը, Խաչատուրի հայրն էր: Աբովյանի հայրը՝ Ավետիքը և քանաքեռցի Թադևոսյանների դուստր Թագուհին ամուսնանում են 1803 թվականին:
Խ.Աբովյանի ծննդյան թվականի մասին տարբեր կարծիքներ կան (1809,1804,1806): Ընդունվում է 1804-1805թվականը և այդ այն հիմքով, որ գոյություն ունի միայն և միայն մի ամենահավաստի, իրեն՝ Աբովյանի ձեռքով գրված վավերականը, դա գերմաներեն լեզվով գրված նամակ է իր գերմանացի ընկերոջը, որտեղ Աբովյանը նշում է իր ծննդյան թվականը և նկարագրում իր ծննդավայրը.«Ես ծնուել եմ 1804-1805թ. Քանաքեռ զուտ հայաբնակ գիւղում, Երևանից 5 վերստ հեռավորութեան վերայ դէպի հիւսիս…»;
Քանաքեռը պատմական Հայաստանի հին ու նշանավոր գյուղերից է՝ փռված հրաբխային բարձրավանդակի վրա: Քանաքեռի մասին գրավոր առաջին հիշատակությունը պահպանվել է Հաղարծնի վանքի սբ. Գրիգոր եկեղեցու 1206թ.արձանագրության մեջ: Վանքին կից գավթի արևմտյան դռան ճակատին նշվում է, որ իշխան Սմբատի որդի Խալթը գնում է Քանաքեռ գյուղում Սկանդարանց հողը և նվիրաբերում Հաղարծնի վանքին՝ իր հոգու փրկության համար:
Հին հիշատակարաններում գյուղի անվան վերաբերյալ պահպանվել են զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության՝ Քանաքեռը կամ Քամաքերը եղել է Նոյի Քամ որդու բնակատեղին՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում՝ Դարաբաս բլրի վրա բնակվելիս է եղել մի թագավոր՝ Քանան անունով: Վերջինիս քրոջը, տեղի բնակիչները կոչել են Քանանի քույր և այստեղից էլ ծագել է «Քանաքեռ» կամ «Քանաքույր»անվանումը:
Կա մեկ ավանդություն ևս, որը հայտնում է Աբովյանը: Համաձայն ավանդության՝ Քանաքեռ անունը ծագել է «Քա, նա, քեռն…» արտահայտությունից. մի անցվոր կին, տեսնելով նահատակված քրոջ գերեզմանին սգացող եղբորը, ձայն է տալիս ընկերուհուն.«Քա, նա քեռն ողբա զկորուստ…», այսինքն՝աղջի, նա քրոջ կորուստն է ողբում: Եվ այս արտահայտության առաջին բառերն էլ ՝ Քա-նա-քեռ, դարձել են գյուղի անունը:
ԷՋՄԻԱԾԻՆ- Էջմիածնի վանական դպրոցն ըստ ավանդության հնագույնն էր Հայաստանում՝ հաստատված հայոց դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ջանքերով, 5-րդ դարի սկզբներին: Այն ժամանակ այդ դպրոցը հայ ազգին տվեց հռչակավոր մատենագիրներ ու գիտնականներ՝ Եզնիկ, Կորյուն, Մովսես..:Մեսրոպ Մաշտոցից և նրա կրտսեր աշակերտներից հետո՝ 5-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին Էջմիածնում տգիտությունն էր տիրում և դպրոցն էլ պարուրվեց խավարով՝ կորցնելով իր վաղեմի նշանակությունը: Էջմիածնի վանական դպրոցի բարենորոգմամբ ավելի լրջորեն սկսեցին զբաղվել Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսի օրոք: 1813թ-ին Ներսես Աշտարակեցին վարժարանի համար կառուցեց նոր շենք:
Հայոց պատմությունը շատ օրինակներ ունի, թե ինչպես ծնողները իրենց որդիներին ուխտում են կամ նվիրում Աստծո սեղանի սպասավորության: Լինելով խիստ աստվածապաշտ գերդաստանից և հեռավոր ազգականներ ունենալով հոգևորականության մեջ, Խաչատուրի ծնողները ուխտում են իրենց որդուն նվիրաբերել Էջմիածնի վանքին: Նրանք երազում էին, որ իրենց որդին դառնա նշանավոր հոգևորական և բարձրյալի աչքը բարեհաճ լինի իրենց ընտանիքի վրա: 1814թվականին փոքրիկ Խաչատուրին տանում են Էջմիածին, վանական դպրոցում ուսանելու: Վանքը մի ինքնամփոփ աշխարհ էր, իր օրենքներով ու կանոններով: Վանքում եղած տարիներին Խ.Աբովյանի խնամակալը արքեպիսկոպոս Անտոն Մուղնեցին էր, որն իր երեխայի նման սիրեց Աբովյանին և ոչինչ չխնայեց նրան կրթելու և դաստիարակելու համար: Անտոն Մուղնեցին իր խնամակալությունը շարունակեց նաև Հաղպատի վանքում և հետագայում օգնեց նրան ուսումը շարունակելու Թիֆլիսում: Այդ էր պատճառը, որ շատ անգամ չմոռանալով իր ուսուցչի հոգատարությունը, մեծ երախտագիտությամբ իր ազգանունը շատ անգամ նշում է որպես Անտոնեան:
Փոքրիկ Խաչատուրը վանական դպրոցում ուսանելու տարիներին բավական դառնություններ է ճաշակել: Շատ տարիներ հետո Աբովյանը պատմել է, որ վանքում մեծացել է «արցունքի, աղոթքի և պահքի մեջ, մի այնպիսի միջավայրում, որ բթացնում է ամեն ազնիվ բան, որ զարգացնում է ամեն անբնական հակումներ»: Աբովյանն ասել է նաև, որ չդիմանալով վանական կյանքի խստություններին, մի քանի անհաջող փորձեր է ձեռնարկել վանքից փախչելու, որոնք և պատճառ են դարձել, որ իր հանդեպ ավելի խիստ վերաբերմունք ցույց տան, քան առաջ: Հուշագրություններից ծանոթ է այն ահավոր և սահմռկեցուցիչ դատաստանը, որ տեսնում էին փախչողների հետ: Մանկանը վերստին վանք բերելով՝ գլխիվայր կախում էին և այնքան հարվածում ոտնաթաթերին, որ եղունգները թափվում էին: Աբովյանը պատմել է Պարրոտին, թե ինչ դաժանությամբ էին ծեծում տիրացուներին վանականները:

ԹԻՖԼԻՍ-Ներսիսյան դպրոցը բացվեց 1824թվականի դեկտեմբերի 1-ին Թիֆլիս քաղաքում: Դպրոցի հիմնադիրն էր Ներսես Աշտարակեցին, ով չունենալով ֆինանսական մեծ հնարավորություն, դիմեց ժողովրդի օգնությանը: 1819թ-ին 346 հոգի դպրոցի կառուցման համար նվիրաբերեցին 5822 ռուբլի: Այդ նվիրաբերումից բացի դպրոցին տրվեցին նաև կտակներ և նվերներ: Ներսիսյան դպրոցի տեսուչ նշանակվեց Լազարյան ճեմարանից հրավիրված Հարություն վարդապետ Ալամդարյանը, որն էլ իր հետ Ներսիսյան դպրոց բերեց մի շարք փորձառու ուսուցիչներ: Ներսիսյան դպրոցը գործեց մինչև 1924թ-ը և ականավոր շատ հայ գործիչներ են կրթություն ստացել Ներսիսյան դպրոցում:
Խ.Աբովյանը 1824թ-ի դեկտեմբերին Պողոս վարժապետի դպրոցից տեղափոխվում է Ներսիսյան դպրոց: Այս դպրոցում Խ.Աբովյանը սովորում է մինչև 1826թ-ի փետրվար ամիսը: Ներսիսյան դպրոցում ուսանում էին հայոց լեզու, ռուսերեն, պարսկերեն, մասամբ ֆրանսերեն, կրոնագիտություն, ճարտասանություն, պատմություն, տրամաբանություն և այլն: Աբովյանը դարձավ Ներսիսյան դպրոցի լավագույն և առաջադեմ աշակերտներից մեկը: Անտոն Մուղնեցուն գրած նամակում Ն. Աշտարակեցին նրան անվանում է աշակերտների պարագլուխ: Դպրոցում Աբովյանը ոչ միայն ուսուցիչների, այլև ընկերների սիրելին էր: Հատկապես նկատելի էր մտերմությունը Առաքել Արարատյանի, Հովհաննես Շերմազանյանի, Ստեփանոս Նազարյանցի հետ: Ուսումը Մխիթարյան Միաբանությունում շարունակելու մտադրությամբ Աբովյանը գնում է Հաղպատ՝ կաթողիկոսից թույլտվություն ստանալու, սակայն նպատակը չկարողացավ իրականացնել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s