Աբովյան նախագիծ

Ավելի քան 300 տարի առաջ(17-րդ դարի 80-ական թթ-ին) Աբովյանի նախնիները բնակություն են հաստատել պատմական Քանաքեռում:Նրանց նախահայրը կամ տոհմապետը՝ Մելիք-Աբովը իր ազգականներով գաղթել է Լազիստանից, որը գտնվում է Հյուսիսային Կովկասում, Սև ծովի հարավում: Չդիմանալով Կովկասի լեռնական ազգերի անընդհատ հարձակումներին և պատճառած նեղություններին՝ նա իր ընտանիքով, մի քանի ուրիշ հարևան ընտանիքների հետ միասին եկել է Երևան, և ստանալով սարդարի համաձայնությունը, բնակություն է հաստատել Քանաքեռ գյուղում:
Մելիք Աբովը գրողի պապի պապն է: Խաչատուրի պապի հոր անունը եղել է Վիրապ, պապինը՝ դարձյալ Աբով: Վերջինս՝ պարոն Աբովը (այսպես էին նրան կոչում), Արարատյան աշխարհի երևելիներից էր: Ժամանակի համեմատ բավականաչափ զարգացած, շրջահայաց, գիտակ սուրբ գրքին ու աշխարհիկ գրվածքներին: Քանաքեռի բոլոր հին բնակիչները հպարտությամբ ու հարգանքով են հիշում պարոն Աբովին, այսպես են բնութագրում նրան. Կարիքավորների համար՝ գանձ, երջանիկ ամուսին ու հայր, հարուստ, բայց վերին աստիճանի բարեգործ ու հյուրասեր: Նրա տունը միշտ լիքն էր լինում հյուրերով:
Պարոն Աբովը ուներ երկու որդի՝ Հարությունն ու Ավետիքը, և չորս դուստր: Որդիներից կրտսերը՝ Ավետիքը, Խաչատուրի հայրն էր: Աբովյանի հայրը՝ Ավետիքը և քանաքեռցի Թադևոսյանների դուստր Թագուհին ամուսնանում են 1803 թվականին:
Խ.Աբովյանի ծննդյան թվականի մասին տարբեր կարծիքներ կան (1809,1804,1806): Ընդունվում է 1804-1805թվականը և այդ այն հիմքով, որ գոյություն ունի միայն և միայն մի ամենահավաստի, իրեն՝ Աբովյանի ձեռքով գրված վավերականը, դա գերմաներեն լեզվով գրված նամակ է իր գերմանացի ընկերոջը, որտեղ Աբովյանը նշում է իր ծննդյան թվականը և նկարագրում իր ծննդավայրը.«Ես ծնուել եմ 1804-1805թ. Քանաքեռ զուտ հայաբնակ գիւղում, Երևանից 5 վերստ հեռավորութեան վերայ դէպի հիւսիս…»;
Քանաքեռը պատմական Հայաստանի հին ու նշանավոր գյուղերից է՝ փռված հրաբխային բարձրավանդակի վրա: Քանաքեռի մասին գրավոր առաջին հիշատակությունը պահպանվել է Հաղարծնի վանքի սբ. Գրիգոր եկեղեցու 1206թ.արձանագրության մեջ: Վանքին կից գավթի արևմտյան դռան ճակատին նշվում է, որ իշխան Սմբատի որդի Խալթը գնում է Քանաքեռ գյուղում Սկանդարանց հողը և նվիրաբերում Հաղարծնի վանքին՝ իր հոգու փրկության համար:
Հին հիշատակարաններում գյուղի անվան վերաբերյալ պահպանվել են զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության՝ Քանաքեռը կամ Քամաքերը եղել է Նոյի Քամ որդու բնակատեղին՝ հիմնված ջրհեղեղից անմիջապես հետո: Մի ուրիշ ավանդություն պատմում է, թե հին ժամանակներում այդ գյուղի մերձակայքում՝ Դարաբաս բլրի վրա բնակվելիս է եղել մի թագավոր՝ Քանան անունով: Վերջինիս քրոջը, տեղի բնակիչները կոչել են Քանանի քույր և այստեղից էլ ծագել է «Քանաքեռ» կամ «Քանաքույր»անվանումը:
Կա մեկ ավանդություն ևս, որը հայտնում է Աբովյանը: Համաձայն ավանդության՝ Քանաքեռ անունը ծագել է «Քա, նա, քեռն…» արտահայտությունից. մի անցվոր կին, տեսնելով նահատակված քրոջ գերեզմանին սգացող եղբորը, ձայն է տալիս ընկերուհուն.«Քա, նա քեռն ողբա զկորուստ…», այսինքն՝աղջի, նա քրոջ կորուստն է ողբում: Եվ այս արտահայտության առաջին բառերն էլ ՝ Քա-նա-քեռ, դարձել են գյուղի անունը:
ԷՋՄԻԱԾԻՆ- Էջմիածնի վանական դպրոցն ըստ ավանդության հնագույնն էր Հայաստանում՝ հաստատված հայոց դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ջանքերով, 5-րդ դարի սկզբներին: Այն ժամանակ այդ դպրոցը հայ ազգին տվեց հռչակավոր մատենագիրներ ու գիտնականներ՝ Եզնիկ, Կորյուն, Մովսես..:Մեսրոպ Մաշտոցից և նրա կրտսեր աշակերտներից հետո՝ 5-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին Էջմիածնում տգիտությունն էր տիրում և դպրոցն էլ պարուրվեց խավարով՝ կորցնելով իր վաղեմի նշանակությունը: Էջմիածնի վանական դպրոցի բարենորոգմամբ ավելի լրջորեն սկսեցին զբաղվել Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսի օրոք: 1813թ-ին Ներսես Աշտարակեցին վարժարանի համար կառուցեց նոր շենք:
Հայոց պատմությունը շատ օրինակներ ունի, թե ինչպես ծնողները իրենց որդիներին ուխտում են կամ նվիրում Աստծո սեղանի սպասավորության: Լինելով խիստ աստվածապաշտ գերդաստանից և հեռավոր ազգականներ ունենալով հոգևորականության մեջ, Խաչատուրի ծնողները ուխտում են իրենց որդուն նվիրաբերել Էջմիածնի վանքին: Նրանք երազում էին, որ իրենց որդին դառնա նշանավոր հոգևորական և բարձրյալի աչքը բարեհաճ լինի իրենց ընտանիքի վրա: 1814թվականին փոքրիկ Խաչատուրին տանում են Էջմիածին, վանական դպրոցում ուսանելու: Վանքը մի ինքնամփոփ աշխարհ էր, իր օրենքներով ու կանոններով: Վանքում եղած տարիներին Խ.Աբովյանի խնամակալը արքեպիսկոպոս Անտոն Մուղնեցին էր, որն իր երեխայի նման սիրեց Աբովյանին և ոչինչ չխնայեց նրան կրթելու և դաստիարակելու համար: Անտոն Մուղնեցին իր խնամակալությունը շարունակեց նաև Հաղպատի վանքում և հետագայում օգնեց նրան ուսումը շարունակելու Թիֆլիսում: Այդ էր պատճառը, որ շատ անգամ չմոռանալով իր ուսուցչի հոգատարությունը, մեծ երախտագիտությամբ իր ազգանունը շատ անգամ նշում է որպես Անտոնեան:
Փոքրիկ Խաչատուրը վանական դպրոցում ուսանելու տարիներին բավական դառնություններ է ճաշակել: Շատ տարիներ հետո Աբովյանը պատմել է, որ վանքում մեծացել է «արցունքի, աղոթքի և պահքի մեջ, մի այնպիսի միջավայրում, որ բթացնում է ամեն ազնիվ բան, որ զարգացնում է ամեն անբնական հակումներ»: Աբովյանն ասել է նաև, որ չդիմանալով վանական կյանքի խստություններին, մի քանի անհաջող փորձեր է ձեռնարկել վանքից փախչելու, որոնք և պատճառ են դարձել, որ իր հանդեպ ավելի խիստ վերաբերմունք ցույց տան, քան առաջ: Հուշագրություններից ծանոթ է այն ահավոր և սահմռկեցուցիչ դատաստանը, որ տեսնում էին փախչողների հետ: Մանկանը վերստին վանք բերելով՝ գլխիվայր կախում էին և այնքան հարվածում ոտնաթաթերին, որ եղունգները թափվում էին: Աբովյանը պատմել է Պարրոտին, թե ինչ դաժանությամբ էին ծեծում տիրացուներին վանականները:
ԹԻՖԼԻՍ-Ներսիսյան դպրոցը բացվեց 1824թվականի դեկտեմբերի 1-ին Թիֆլիս քաղաքում: Դպրոցի հիմնադիրն էր Ներսես Աշտարակեցին, ով չունենալով ֆինանսական մեծ հնարավորություն, դիմեց ժողովրդի օգնությանը: 1819թ-ին 346 հոգի դպրոցի կառուցման համար նվիրաբերեցին 5822 ռուբլի: Այդ նվիրաբերումից բացի դպրոցին տրվեցին նաև կտակներ և նվերներ: Ներսիսյան դպրոցի տեսուչ նշանակվեց Լազարյան ճեմարանից հրավիրված Հարություն վարդապետ Ալամդարյանը, որն էլ իր հետ Ներսիսյան դպրոց բերեց մի շարք փորձառու ուսուցիչներ: Ներսիսյան դպրոցը գործեց մինչև 1924թ-ը և ականավոր շատ հայ գործիչներ են կրթություն ստացել Ներսիսյան դպրոցում:
Խ.Աբովյանը 1824թ-ի դեկտեմբերին Պողոս վարժապետի դպրոցից տեղափոխվում է Ներսիսյան դպրոց: Այս դպրոցում Խ.Աբովյանը սովորում է մինչև 1826թ-ի փետրվար ամիսը: Ներսիսյան դպրոցում ուսանում էին հայոց լեզու, ռուսերեն, պարսկերեն, մասամբ ֆրանսերեն, կրոնագիտություն, ճարտասանություն, պատմություն, տրամաբանություն և այլն: Աբովյանը դարձավ Ներսիսյան դպրոցի լավագույն և առաջադեմ աշակերտներից մեկը: Անտոն Մուղնեցուն գրած նամակում Ն. Աշտարակեցին նրան անվանում է աշակերտների պարագլուխ: Դպրոցում Աբովյանը ոչ միայն ուսուցիչների, այլև ընկերների սիրելին էր: Հատկապես նկատելի էր մտերմությունը Առաքել Արարատյանի, Հովհաննես Շերմազանյանի, Ստեփանոս Նազարյանցի հետ: Ուսումը Մխիթարյան Միաբանությունում շարունակելու մտադրությամբ Աբովյանը գնում է Հաղպատ՝ կաթողիկոսից թույլտվություն ստանալու, սակայն նպատակը չկարողացավ իրականացնել:
ԱՐԱՐԱՏ-Մինչև 19-դարի առաջին քառորդն Արարատի գագաթը անմատչելի էր: 1829թ.-ի ամռանը Դորպատի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ֆ.Պարրոտը Հայաստան եկավ Արարատի գագաթը բարձրանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Քանի որ Արարատը սուրբ լեռ էր, նրա գագաթը բարձրանալու համար անհրաժեշտ էր կաթողիկոսի թույլտվությունը: Ստանալով թույլտվություն և Աբովյանին էլ իրենց հետ վերցնելով որպես ուղեկցող և թարգմանիչ, սեպտեմբերի 9-ին դուրս եկան Էջմիածնից: Արշավը սկսում են Ակոռի գյուղից: Վերելքի առաջին և երկրորդ փորձերը ձախողվում են: Առաջին վերելքը, որ կատարում են նրանք, սեպ. 12-ին ուղեկցությամբ Դորպատի համալսարանի բժշկական բաժնի ուսանող Կարլ Շիմանի, ակոռեցի որսորդ Սահակի և ուրիշ ուղեկցորդների հետ, լինում է փորձնական՝սարի գագաթը բարձրանալու հնարավորությանը, սարի առանձնահատկություններին ծանոթանալու համար: Նրանք վերադառնում են երրորդ օրը 15.507 ոտնաչափ բարձրությունից: Փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ բարձրանալը հնարավոր է:
Սեպ.-ի 18-ին Պարրոտը ձեռնարկում է նոր վերելք, բայց այս անգամ արդեն ոչ´ փորձի համար, այլ ամենավերին գագաթը բարձրանալու լուրջ նպատակով ու դիտավորությամբ: Այդ նոր վերելքին մասնակցում են, բացի ուսուցչապետից և նրա ուղեկից ուսանողներից՝ Կարլ Շեմանից և Բեհագելից, դպիր Խ.Աբովյանն Էջմիածնից, ակոռեցի չորս գյուղացի, երեք զինվոր և մեկ գրաստապահ: Ուղևորները հասնում են ձյունային զառիթափին և այդտեղից 16.133 ոտնաչափ բարձրությունից որոշում են վերադառնալ, այնինչ բարձրացած խոնավ և ուժեղ քամին գուշակում էր բուք ու փոթորիկ: Սեպտեմբերի 20-ին Պարրոտը վերադառնում է վանք:
Սեպտեմբերի 26-ին Պարրոտն օգտվելով խաղաղ և պայծառ եղանակից, ձեռնարկում է երրորդ և այս անգամ արդեն վերջին վերելքը՝ դեպի Արարատի գագաթը: Մինչև կեսօր ուղևորները հասնում են սարի այն խոտավետ հարթությանը, որ կոչվում է Քիփ-գյոլ՝ 11.576 ոտնաչափ բարձրության վրա և մեկուկես ժամ այդտեղ հանգստանալուց հետո շարունակում են վերելքը: Ժամը 15-ին նրանք արդեն գտնվում են ոչ հեռու ձյունային գծից և գիշերում են ապառաժների մեջ, 13.893 ոտնաչափ բարձրության վրա, այսինքն 700 ոտնաչափ բարձր, քան սեպտեմբերի 18-ին կատարած վերելքի ժամանակ: Գիշերն անցնում է բոլորովին հանգիստ և ուղևորները, թեպետ հոգնած, բայց չեն նեղվում, նույնիսկ ցրտից:
Սեպ. 27-ին, առավոտյան ժամը 5.30 րոպ. ուղևորները շարունակում են իրենց ճանապարհը և կես ժամ հետո հասնում են սարի ձյունապատ մակերևույթին, այն նույն տեղը, որտեղ նրանք եղել էին սեպ.19-ին: Ժամը 10-ին նրանք մոտենում են այն ձյունային սարավանդին, որին հասել էին սեպ.19-ի կեսօրին և որտեղից վերադարձել էին: Այստեղից սանդղաձև ոտնատեղեր փորելու միջոցով նրանք բարձրանում են սեպաձև ձյունային զառիթափը և սեպ. 27-ին, ցերեկվա ժամը 3.15րոպ. Պարրոտն իր ուղեկիցների հետ հասնում է Արարատի գագաթը:
ԴՈՐՊԱՏ-Ֆ.Պարրոտի աջակցությամբ և նրա հոր՝ Գեորգ Պարրոտի միջնորդությամբ Խ.Աբովյանը 1830-1836թթ. սովորել է Դորպատի համալսարանում: Նրա Դորպատ գնալու մասին երկու վավերագրեր ունենք՝ Պարրոտի 1830թվականի ապրիլի 4-ի Դորպատից Աբովյանին գրած նամակը և Պասկևիչի պաշտոնական թուղթը Թիֆլիսի զինվորական նահանգապետ Ստեպան Ստրեկալովին: Վերջինիս մեջ գրված է, թե թագավորը հրամայել է Աբովյանին ուղարկել Դորպատի համալսարան, երեք տարի ժամանակով: Նրան սահմանվել է պետական թոշակ, տարին 200 արծաթ ռուբլի, գնալ-գալու ճանապարհածախս 400 արծաթ ռուբլի, միառժաանակ ուսումնական կարիքները հոգալու համար՝ 100 արծաթ ռուբլի: Դորպատի համալսարանում դասընթացները սկսելու համար Աբովյանը ձեռնամուխ եղավ գերմաներեն լեզվի ուսուցմանը: Մոտ հինգ ամիս անց Աբովյանը լիարժեք տիրապետելով գերմաներենին, որպես ազատ ունկնդիր, սկսեց հաճախել համալսարան: Նա լսում էր դասախոսություններ աշխարհագրությունից, հոգեբանությունից, համաշխարային պատմությունից, տրամաբանությունից, ուսումնասիրում էր մարդաբանություն, բնաբանություն, երկրագործություն, հաճախում է երաժշտության դասերի, սովորում է նվագել շրթհարմոն, կլավիր, ջութակ, սովորում է մի շարք օտար լեզուներ՝ լատիներեն, ֆրանսերեն, հունարեն: Դորպատից վերադառնալիս նա տիրապետում էր մոտ տասը օտար լեզվի: Նախատեսված էր, որ Աբովյանը Դորպատում պետք է սովորեր երեք տարի, սակայն կրթությունը թերի չթողնելու նպատակով, Պարրոտի միջամտությամբ ուսման ժամկետը երկարաձգվեց և 1835թ-ին նա գերազանց հանձնեց քննություններ և ստացավ վկայական՝ մանկավարժի որակավորմամբ:Դորպատում Աբովյանը գիտություններին հավասար սովորում է նաև արհեստներ, որ պակաս դեր չէր խաղալու իր լուսավորչական գործունեության ընթացքում: Սկզբում Աբովյանը Պարրոտի ղեկավարությամբ ուսումնական առարկաներ էր պատրաստում, ինչպես հայատառ գլոբուսը: Նրա հետաքրքրությունների շրջանակը ավելի է լայնանում, ջանում է սովորել գյուղատնտեսական և կենցաղային արհեստներից ամենակարևորները, որպեսզի հետագայում հայրենիք վերադառնալով տարածի ժողովրդի մեջ: Աբովյանը Դորպատ ժամանած ապակեգործի մոտ սովորում է ապակուց զանազան առարկաներ և տեսարաններ պատրաստել: Հաջորդ արհեստը, որ սովորեց, դա կազմարարությունն էր:Սովորում է նաև ասեղնագործություն, հաց թխել , կարկանդակ և հրուշակեղեն պատրաստել: Նա սովորում է ձեռագրերի պատճենահանման եղանակներից մեկը:1836թ-ի փետրվարին Աբովյանը լքեց Դորպատը:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Աբովյանը Դորպատից հայրենիք է վերադառնում լայն լուսավորական ծրագրերով.նա ամենի առաջ ցանկանում էր Էջմիածնում բացել մի ժամանակակից, բարեկարգ դպրոց, ուսուցիչներ և լուսավորյալ եկեղեցականեր պատրաստելու համար: Սակայն ամեն առաջադիմության, գիտության ու լուսավորության թշնամի, խավարամիտ կաթողիկոս Հովհհանես Կարբեցին Աբովյանին ընդունում է բացահայտ թշնամանքով: Էջմիածնի մերժումից հետո Աբովյանի համար սկսվում են անասելի ծանր ամիսներ. տարիներով փայփայած նրա երազանքները խորտակվում են: Աբովյանի համար արդեն վերջնականապես պարզ է դառնում, որ նա Էջմիածնի հետ ընդհանուր լեզու գտնել չի կարող և որ իր լուսավորական-մանկավարժական գաղափարները հարկադրված է իրականացնել ոչ Էջմիածնի միջոցով: Միաժամանակ նա գիտակցում է, որ արքունի դպրոցում ծառայելու ուղին, որի վրա նա հարկադրաբար և սրտի ցավոք ոտք է դնում,-դա այն չէ, որի մասին նա այնքան ժամանակ երազել է. «Ստիպեալ ի չքավորութենէ, մտի ի պաշտօն արքունի, զոր ոչն երբեք կամէի»,- գրում է Աբովյանը:Բայց ուրիշ ուղի նա այդպես էլ մինչև իր կյանքի վերջը չտեսավ, թեև Աբովյանը իր ամբողջ հետագա կյանքի ընթացքում չի հրաժարվում հայկական դրոցներում աշխատելու իր վաղեմի ցանկությունն իրականցնելու հույսերից ու փորձերից: Աբովյանը 1837թ. փետրվարի 12-ին նշանակվում է Թբիլիսիի գավառական ուսումնարանի տեսուչ և ուսուցիչ: Այստեղ, բացի տեսչություն անելուց, Աբովյանը դասավանդում էր ռուսաց լեզու, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն: Սակայն աշխատանքն արքունի դպրոցում Աբովյանին լրիվ կերպով բավարարել չէր կարող. նա այստեղ իրեն կաշկանդված է զգում աստիճանավորի վիճակով, որի հետևանքով նա ի վիճակի չէր լրիվ կերպով կենսագործելու իր մանկավարժական գաղափարներն ու ծրագրերը: Այդ պատճառով էլ Աբովյանը հենց սկզբից մտածում է մանկավարժական գործունեության մի ուրիշ օջախ էլ ստեղծելու մասին, որտեղ նա իրեն ավելի անկաշկանդ զգար իր գաղափարները կենսագործելու: Այդ օջախը, որտեղ Աբովյանը աշխատում էր գավառական ուսումնարանին զուգընթաց, դարձավ նրա հայտնի մասնավոր պանսիոնը:

Ինչպես ինքը Աբովյանն է գրում որոշելով իր ազատ ժամանակը նվիրել մասնավոր աշակերտների հետ պարապելուն, ինքը ամենևին էլ չի ղեկավարվել շահադիտական նպատակներով, այլ այդ գործի վրա նայել է, «որպես վաղուց արդեն կանխագծած՝ իր նպատակի կենսագործման առաջին քայլեր»: Ավելի ուշ, ակադ. Ֆրենին գրած նամակում Աբովյանն ավելի որոշակի հայտնում է, որ ինքը իր այդ «սիրելի հիմնարկությունը» բաց է արել «իբրև նախապատրաստական՝ ապագա ժողովրդական ուսուցիչների համար»:
Աբովյանը պանսիոնը փաստորեն գոյություն է ունեցել 1837 թվից մինչև 1843թ.,այսինքն նրա թբիլիսյան գործունեության ամբողջ ժամանակաշրջանում, սակայն պաշտոնապես ճանաչված, «լեգալ» կերպով գործել է շատ կարճատև,- 1840թվի փետրվարից մինչև նույն տարվա հուլիսը:
Աբովյանի պանսիոնում հիմնականում ավանդվում էին նույն առարկաները և նույն ծրագրով, ինչ գավառական ուսումնարանում, բայց դաստիարակության ու ուսուցման ոգին արմատապես տարբերվում էր արքունի դպրոցից: Բացի Աբովյանից, որը դասավադում էր ռուսերեն, գերմաներեն, և պատմություն, պանսիոնում դասավանդում էին նաև 4 այլ մանկավարժներ (Երեցփոխյան, Տեր-Աղեքսանդրյան, Ալադարով, Կերնստես):
Աբովյանի հռչակը, որպես էնտուզիաստ ու վարպետ մանկավարժի, կապված է, առաջին հերթին, նրա պանսիոնի հետ, որը թողել է շատ պայծառ, անջնջելի տպավորություն, ինչպես պանսիոնի նախկին սաների, այնպես էլ պանսիոնը այցելած և նրա ծանոթ ժամանակակիցների վրա: Աբովյանի մասնավոր պանսիոնը հայ նոր դպրոցի ու մանկավարժության պատմության ամենաերևելի էջերից մեկն է: Բազմաթիվ ականավոր գիտնական ճանապարհորդների հիացական վկայությունները, առաջին հերթին, վերաբերում են Աբովյանի գործունեությանը իր պանսիոնում: Պանսիոնի մասին է վկայում և նրա տված «արտադրանքը»,- այդտեղ սովորած սաները, որոնցից շատերը, իրենց ուսումը շարունակելով միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում, հետագայում դարձան հայտնի գործիչներ, գրողներ, ինչպես Գաբր. Սունդուկյան, Գ. Աքիմյան, Գ. Խատիսյան և այլն:
Խ. Աբովյանն իր առաջավոր հայացքներով ու մանկավարժական գաղափարներով արքունի դպրոցի պիտանի ու հարմարավոր աստիճանավոր, տեսուչ-ուսուցիչ լինել չէր կարող. սկսվում են բացահայտ ու քողարկված ոտնձգությունները, հեատպնդումները, հալածանքները՝ կապված գավառական ուսումնարանում նրա աշխատանքի հետ, նրա պանսիոնի հետ, «Նախաշավիղ»-ի տպագրության, Ղազանի համալսարան հրավիրելու հարցերի հետ և այլն: Ստեղծվում է այնպիսի վիճակ, որ Աբովյանի հետագա աշխատանքը Թբիլիսիի գավառական ուսումնարանում անհնար է դառնում: 1843թ. Ամռանը Աբովյանին իրապես («համաձայն իր դիմումի») ազատում են Թբիլիսիի գավառական ուսումնարանիօց և տեղափոխում Երևանի գավառական ուսումնարան: Այդ տեղափոխումը Աբովյանի համար ոչ միայն փաստորեն «պաշտոնի իջեցում» էր, հետևաբար և որոշ բարոյական հարված, այլև դա մի նոր լրացուցիչ արգելակ էր նրա լուսավորական նպատակների իրագործման ճանանապարհին: Ճիշտ է, Երևան տեղափոխվելով, Աբովյանը գործելու էր բուն հայրենիքում, շատ ավելի հետամնաց գավառական Երևանը շատ ավելի քիչ հնարավորություններ էր ներկայացնում այն լայն կուլտուր-լուսավորական գործունեության համար, որին ձգտում էր Աբովյանը. այստեղից էլ այն հակասական զգացմունքներն ու մտքերը, որոնցով Աբովյանը գալիս է Երևան:
Երևանի գավառական ուսումնարանը, որը թեև արդեն ավելի քան տասնամյա գոյություն ուներ, փայլուն վիճակում չէր գտնվում: Աբովյանի առաջ կանգնած էր չափազանց դժվարին, մի մարդու ուժերից վեր խնդիր,- ոտքի կանգնեցնել այդ դպրոցը: Եվ, չնայած խնդրի դժվարության, Աբովյանն իրեն հատուկ եռանդով ու ոգևորությամբ ձեռնարկում է դրա կենսագործմանը:
Դրության արմատական բարելավման համար Աբովյանը որպես տեսուչ առաջարկում և մասամբ կիրառում է մի շարք միջոցառումներ: Նա հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես աշակերտների հաճախումները կարգավորելու, նրանց դեպի ուսումնարան գրավելու, աշակերտների մաղման դեմ պայքարելու ուղղությամբ, այդ նպատակով կանգ չառնելով անգամ խիստ վարչական միջոցառումների առաջ:
Երևանում, ինչպես և Թբիլիսիում, Աբովյանին լրիվ կերպով չէր կարող բավարարել մանկավարժական աշխատանքը միայն արքունի դպրոցում: Այստեղ, ինչպես դա Թբիլիսիումն էր, չի բացում մասնավոր-դպրոց կամ պարզապես մասնավոր դպրոց. Թբիլիսիի իր դառը փորձից նա գիտեր, որ նրան թույլ չեն տա նման դպրոց ունենալ: Եվ Աբովյանը այստեղ ընտրում է այլ, ավելի հասարակ ու «անմեղ» ուղի. որպեսզի նորից արգելքների չհանդիպի դպրոցական պարապմունքներից ազատ ժամերին, երեկոները, իր բնակարանում, նրանց հետ լրացուցիչ կերպով պարապում է հայերենից, ռուսերենից և գերմաներենից (վերջինս գավառական ուսումնարանում չէր դասավանդվում): Այս «դպրոցի» նպատակն էր՝ հիշյալ աշակերտներին նախապատրաստել և նրանց հնարավորություն տալ իրենց ուսումը շարունակելու Ռուսաստանում կամ արտասահմանում, որպեսզի հետագայում ուսումն ավարտելուց հետո, Աբովյանի օրինակով, նրանք ևս նվիրվեին իրենց ժողովրդի լուսավորությանը:
Չնայած բոլոր դժվարություններին, Աբովյանն ամեն կերպ աշխատում է իր առաջավոր մանկավարժական գաղափարները կյանքում կիրառել, որչափ դա թույլ էին տալիս աշխատանքի պայմանները գավառական ուսումնարանում և առհասարակ Հայաստանում ու Անդրկովկասում: Աբովյանը Երևանի գավառական ուսումնարանում կենսագործում է դաստիարակության հումանիստական մեթոդներ, ռեալական կրթության, զննականության սկզբունքները, աշխատանքային դաստիարակություն և այլն: Սակայն հասկանալի է, որ Աբովյանը՝ գոյություն ունեցող պայմաններում և ուսուցիչների առկա կազմով՝ շատ բան անել չէր կարող: Առաջինը նա ինքն ամենևին էլ գոհ չէր իր ղեկավարած դպրոցի վիճակից: Եվ այնուամենայնիվ, Աբովյանի տեսչությունը Երևանի գավառական ուսումանարանում անհետևանք չէ անցնում. հենց առաջին տարում աշակերտների թիվը խիստ կերպով աճում է, 90-ից բարձրանալով 190-ի: Դատելով ուսումնարանի հաշվետվություններից, կարելի է պնդել, որ զգալի չափով բարձրանում է նաև աշակերտների առաջադիմությունը:
Երևանում Աբովյանի նկատմամբ դպրոցական և այլ իշխանությունների թշնամական վերաբերմունքը ոչ միայն չէ վերանում, այլ ավելի է ուժեղանում: Մյուս կողմից էլ Աբովյանը վերջնականապես հույսը չէր կտրել հայկական դպրոցներում աշխատելու հնարավորությունից, և երբ Ներսես Աշխարակեցին կաթողիկոս է դառնում, Աբովյանը 1848թ. սկզբներին դիմում է նրան՝ Ներսիսյան դպրոց տեղափոխվելու նպատակով. Ներսեսը համաձայնում է. դպրոցական իշխանությունները նույնպես մեծ պատրաստակամությամբ տալիս են իրենց համաձայնությունը.- գոնե այդ ձևով նրանք վերջապես կարող կլինեին ազատվել «անհարմար» և «անհանգիստ» Աբովյանից: Սակայն Աբովյանը, դեռ ուսումնարանի հանձնումը չավարտած, 1848թ. ապրիլի 2-ին անհետանում է:
Աբովյանի առաջադրած մանկավարժական պահանջները
Անգնահատելի է հայ նոր մանկավարժության հիմանդիր Խ.Աբովյանի վաստակը դպրոցի, լուսավորության բնագավառում: Նա էր, որ եվրոպական շունչ հաղորդեց հազարամյակների պատմություն ունեցող դպրոցին ու մանկավարժական մտքին՝ նշելով նրա հետագա ուղին:
Աբովյանի կյանքն ու գործունեությունը ամբողջովին նվիրված էր հարազատ ժողովրդին, նրա մշակույթի զարգացման, ժողովրդական լուսավորության վեհ գործին: Նա համոզված էր, որ «նույնիսկ լեռներում բնակվող հայերի մեջ ես նկատել եմ մեծ հակումն դեպի կրթությունը» և այն դարձնելով իր գործելակերպի առանցքը, նշում «իմ մեծ սերը կրթական գործի հանդեպ արգելում էր ինձ զբաղվել ուրիշ բանով, նաև գրական գործունեությամբ»: Եվ պարզորոշ գիտակցում էր, որ «առանց նախապես լուսավորվելու անկարելի պիտի պիտանի լինել մի որևէ գործի»:
Դա հաստատվում է այն իրողությամբ, որ Դորպատում ուսանելիս նա լրջորեն զբաղվել է նաև մանկավարժական գիտելիքների ձեռքբերմամբ:
Աբովյանը մատաղ սերունդների համընդհանուր դաստիարակության, ուսուցման, համակողմանի զարգացման բնագավառում առաջինն էր, որ մերժեց միջնադարյան հնացած տեսությունները, քարացած տեսակետները, դպրոցներում իշխող դոգմատիզմը, սխոլաստիկան, ֆորմալիզմը, որով և հիմնավորապես խոր քննադատության թիրախ դարձրեց գործող դպրոցը՝ դառնալով չնահանջող հարձակման օբյեկտը:
Նրա ամբողջ լուսավորական գործունեությունն ուղղված էր նրան, որ հայկական դպրոցը հանի խոր թմրությունից, մերձեցնի, հասցնի եվրոպական կրթական գործի մակարդակին: Սակայն միաժամանակ որոշակի զգուշություն էր ցուցաբերում կույր և տարերային ընդօրինակման նկատմամբ և միշտ ու ամեն ինչում հաշվի էր առնում տեղային-ազգային պայմանները:
Աբովյանն առաջինն էր, որ հրաժարվեց ժողովրդական հոծ մասաների համար արդեն իսկ դժվար ըմբռնելի, անհասկանալի դարձած գրաբարից և դպրոցում դրա կիրառումից, վասնզի գրաբարով վարժարանը «տանջարան է, ուսումն տանջանք ու պատիժ»: Պետք է անցնել հասկանալի աշխարհաբարին, քանի որ «մեկ ազգի պահողն էլ լեզուն է ու հավատքը»… որպես բացահայտ ճշմարտություն «լեզվի մեջ, ինչպես մաքուր հայելու մեջ, ցոլանում է մեր ազգի առանձնահատկությունը, նրա կուլտուրան»:
Անվերապահ էր , որ Աբովյանը քաջագիտակ էր գրաբարին, գիտեր նրա մեծագույն առավելությունները դեռևս վերջնականապես չկազմակերպված աշխարհաբարի նկատմամբ, բայց գիտակցում էր, որ որքան էլ շքեղ ու հարուստ, այն ժողովրդական լայն զանգվածների համար մեռած լեզու էր, անմատչելի, անհասկանալի, անօգտագործելի:
Աբովյանը միաժամանակ նշեց նոր դպրոցի կազմակերպման հնարավոր ուղիները, զարգացման ուղիները:
Նրա մտածելակերպը, անկասկած, լավագույն կրթություն ստանալու հետևանք էր: Դորպատում ուսանելով, նա Պարրոտի միջնորդությամբ սերտ շփումներ ուներ նշանավոր գիտուն դասախոսների հետ, համառորեն յուրացնում էր եվրոպական առաջավոր գիտական միտքն ու ճիշտ կողմնորոշվում: Աբովյանի մանկավարժական մտածելակերպը մեզ համոզում է, որ նա քաջատեղյակ էր Վոլֆգանգ Ռատիխի, Կոմենսկու, Լոկի, Ռուսսոյի, Պեստալոցցիի և այլոց աշխատություններին:
Եվ այդ խոշոր մանկավարժների սկզբունքներից ելնելով՝ նա առաջադրել է և հնարավոր սահմաններում իրագործել այնպիսի առաջադիմական մտքեր, որոնք հիմք հանդիսացան զգալի վերափոխումների և նպաստեցին լուսավորության գործի նորովի կազմակերպմանը հայ իրականության մեջ:
Խ. Աբովյանի առաջադրած դրույթներն էին.
ա. Լուսավորության ողջ համակարգի, առաջնահերթորեն դպրոցի ժողովրդայնացում, այսինքն այդ ամենը ժողովրդի տնօրինությանը հանձնելը, դպրոցին ժողովրդական ոգի ներարկելը… դա բխում էր Աբովյանի խորը ժողովրդասիրությունից, անհուն հայրենասիրությունից, դեմոկրատիզմի սկզբունքներից: Այս թելադրանքով էլ նա գրում էր՝ «Մենք պետք է մտածենք գլխավորապես այս երկրի մատաղ սերնդի մասին»:
բ. Հոգևոր ու դասական կրթության բովանդակության փոխարեն բոլոր աստիճանի դպրոցներում աշխարհիկ և ռեալական կրթության ապահովում, բնագիտական, ճշգրիտ գիտելիքների գործնական անցում և այդ միջոցով գործնական ունակությունների, հմտությունների ձեռքբերում, կատարելագործում ու անպայման աշխարհաբարով:
գ. Ազգերի, սեռերի, դասերի համընդհանուր, ընդգրկուն, իրավահավասար ուսւցման իրագործում:
դ. Պարտադիր (սկզբնական շրջանում տարրականի սահմաններում), կարիքավորների համար նույնիսկ անվճար կրթություն:
ե. Երկու սեռերի երեխաների ներդաշնակ ու համակողմանի դաստիարակություն և զարգացման ապահովում, որն իր մեջ պետք է ներառի մտավոր կրթությունը, բարոյական, գեղագիտական, ֆիզիկական դաստիարակությունը և աշխատանքային ուսուցումը:
զ. Պայքար դպրոցական ցանցի ընդլայնման (հատկապես գյուղական վայրերում) և հայկական դպրոցի իրավահավասարության համար հասնել այն բանին, որ մեր դպրոցը ևս օգտվի պետական (ռուսական) դպրոցներին վերապահված իրավունքներից:
է. Միջնակարգ, որոշ վերապահումներով և բարձրագույն մասնագիտական կրության կազմակերպում, մանավանդ մանկավարժական կադրերի պատրաստման նկատառումներով, նպատակադրվելով բանիմաց, կրթյալ ուսուցիչներով ապահովել մեր կրթական հաստաությունները և հատկապես գյուղական դպրոցները:
ը. Միասնական դպրոցական կանոնադրություն, ուսումնական պլան-ծրագրերի, ուսումնական ձեռնարկ- դասագրրքերի անհրաժեշտություն.
Թ. Առաջավոր դիդակտիկական պահանջների, նոր և նորագույն մեթոդների կիրառում:
Ժ. Եվ այս ամենը հին դպրոցի քննադատության ֆոնի վրա՝ պահանջելով դրա վերակառուցումը, միաժամանակ, ինչպես վերը նշեցինք, տալով նորի կազմակերպման ուղիները:
Այս սկզբունքներն էին, որ նշեցին մեր դպրոցի ու մանկավարժության զարգացման հիմնական ուղիները: Այս և այլ դրույթներ իրագործման նպատակով մեծ լուսավորիչը պետք է պայքար մղեր երկու ուղղությամբ՝ հոգևոր դասի պահպանողականության և ցարական կառավարության ազգահալած քաղաքականության դեմ:
Դա շատ ծանր պայքար էր, քանզի դրանց հարուցած արգելքները, դժվարություները դյուրին չէին, նույնիսկ անհնար էր հաղթահարել, իսկ բռնություններին՝ դիմանալ: Սակայն Աբովյանը նահանջողներից չէր և համառորեն պայքարում էր ու մեծ դժվարություններ շրջանցելով՝ իրագործում նպատակադրումները:
Մեծ լուսավորիչը մեր նոր մանկավարժության մեջ առաջինն էր, որ ոչ միայն հիմնավորեց դպրոցի ու կյանքի սերտ կապի գաղափարը, այլև իրագործեց իր իսկ ղեկավարած դպրոցները: Նա վստահ էր և ոչ անհիմն կերպով, որ իր «գավառակն դպրոցով» կարող է մրցել «Եվրոպայի լավագույն դպրոցների հետ». դրան ապացույց այն արդյունքը, որին նա հասավ Թիֆլիսի և Երևանի իր տնօրինության ներքո գործող դպրոցներում:
Այսպիսով, ըստ Պ. Պռոշյանի բնորոշման, իր «Ժամանակից առաջ ծնված մարդը» դպրոցի և լուսավորության դրվածքի, կրթության բովանդակության, ուսուցման ձևերի և մեթոդների մեջ բազմաթիվ նորություններ առաջադրեց և կենսագործեց: Ճիշտ է, այդ ամենը կյանքի գին ունեցավ, բայց նա հարթեց այն ճանապարհը, որով հետագայում ընթացան հայկական դպրոցն ու մանկավարժական նոր միտքը:
Խ.Աբովյանի հիմնած թանգարանը
1846թվ-ին Խ.Աբովյանի ղեկավարած Երևանի նահանգական դպրոցում ձևավորվել է մի կաբինետ՝ գավառի հնություններն ու պատմաճարտարապետական հուշարձանները պահպանելու նպատակով: Կաբինետում տեղադրվել և պահվել են նաև Արևելյան Հայաստանի ապարատեսակներ, օգտակար հանածոներ, բուսական ու կենդանական նմուշներ(մարմարի, օպսիդիանի մի կտոր, պեմզա, ծծումբ և այլն): Աբովյանը ևս իր բազմաթիվ շրջագայություններից բերել էր հայրենի բնաշխարհի հանքային ապարներ: Եվ այս ամենով հանդերձ ստեղծվում է Արևլյան Հայաստանում առաջին հայրենագիտական կաբինետ-թանգարանը, որը ղեկավարում էր Խ.Աբովյանը: Այն գործեց 1846թ. սեպտեմբերից մինչև 1849թ-ի դեկտեմբեր ամիսը, այսինքն երեք տարուց ավելի: Խ.Աբովյանից անմիջապես հետո կաբինետը աստիճանաբար դադարում է հարստանալ և վերջապես փակվում է:
Աբովյանը որպես բազմաժանր գրող
Հարուստ և բազմակողմանի է Աբովյանի թողած գրական ժառանգությունը: Բացառիկ է այն հայ գրականության մեջ իր ունեցած իր նշանակությամբ: Աբովյանը գրել է գրական բոլոր ժանրերով, ինքն իսկ հանդիսանալով հիմնադիրը մի շարք ժանրերի: Աբովյանը գրել է լիրիկական բանաստեղծություններ ամենաբազմազան թեմաներով, արվեստի բազմապիսի արտահայտություններով: Նա է ստեղծողը, բառիս իսկական իմաստով, հայ գեղարվեստական արձակի՝ պատմվածքի, նովելի, ակնարկի, խրատական առակաձև զրույցի, մեծածավալ վեպի, այդ թվում մանկավարժական վեպի: Նրա անվան հետ է կապվում պատմա-աշխարհագրական ակնարկի ստեղծումը: Աբովյանը հաջող փորձեր է կատարել դրամատուգիայի բնագավառում: Նա մեզ է թողել ուղեգրական գրականության սքանչելի նմուշներ: Մի ամբողջ հատոր են կազմում Աբովյանի դորպատյան օրագրերը, որն իր տեսակի մեջ մեր գրականության ուշագրավ երևույթներից է: Աբովյանն է առաջին հայ մանկական գրողը: Աբովյանի ժառանգության մի ուշագրավ բաժինն են կազմում նրա գիտական-մանկավարժական աշխատությունները՝ դասագրքեր, պատմական, կենցաղագրական, լեզվագիտական ուսումնասիրություններ: Բացառիկ կարևորություն են ներկայացնում նրա ուսումնասիրությունները քրդագիտության ասպարեզում: Աբովյանը որպես նորարար է հանդես գալիս նաև ժողովրդական բանահյուսության ասպարեզում: Թե ՚մեկը և թեՙ մյուսը Աբովյանին զբաղեցնում էին իբրև գրական ստեղծագործության համար կարևոր նախադրյալներ: Աբովյան առաջիններից մեկն էր հայ գրականության մեջ, որ գիտակցեց ժողովրդական կյանքի, կենդանի խոսք ու զրույցի, առակի ու առածի նշանակությունը գրողի և գրականության համար: Աբովյանը ժողովրդի մարդ էր, իր ստեղծագործության ակունքներով ու ոգով սերտորեն կապված ժողովրդի հետ: Նա ըմբռնեց նոր էսթետիկայի այն պահանջը, որ միայն ժողովրդի հետ կապված արվեստը կարող է լինել կենսունակ, իսկական արվեստ: Աբովյանի այդ գիտակցությունը ոչ թե պատահական երևույթ էր, այլ նրա լուսավորական դեմոկրատական աշխարհայացքի բնորոշ արտահայտություններից մեկը:
Նախաշավիղը՝ առաջին աշխարհաբար դասագիրք
«Նախաշավիղը» գրվել է 1838 թ-ին. սկզբում անվանվել է «Տարերք արդի հայերենի»: Աբովյանը գրել է երկու «Նախաշավիղ». Մեկը լույս է տեսել իր կենդանության օրով, իսկ մյուսը՝ մահից հետո, 1862թ.: 1841թ. փետրվարի վերջերին Աբովյանը գիրքը ներկայացնում է իշխանությանը՝ տպագրելու համար: Անդրկովկասյան դպրոցների վերատեսուչ Կուլժինսկու կողմից Աբովյանին հղված գրության մեջ հայտնվում է, թե գիրքը ունի որոշ թերություններ, որ նկատել է Թիֆլիսի գիմնազիայի խորհուրդը, և այն անհրաժեշտ է ուղղել ու ներկայացնել իրեն: Ըստ երևույթին Աբովյանը հաշվի է առել այդ խորհրդի սուբյեկտիվ դիտողություննները, որոնք արդյունք են խորհրդի սուբյեկտիվ վերաբերմունքի ու պահպանողական հայացքի, և գիրքը Աբովյանի կենդանության օրոք չի տպագրվում:
Գրքի մեջ Աբովյանն արտահայտում է իր մանկավարժական հայացքները և գրաճանաչության նոր մեթոդը: Ավարտական ժամանակաշրջանի տերթոդիկյան դպրոցին նա հակադրում է այն նորը, որը իր ժամանակի սխոլաստիկ դպրոցի հակադրությունն է: Գլխավոր նորությունն այն է, որ Աբովյանը գրաճանաչությունը դնում է նոր հիմքերի վրա, առաջադրում գրաճանաչություն սովորեցնելու դյուրին և արդյունավետ եղանակներ:
Աբովյանը «Նախաշավիղին» կցել է գերմաներեն բացատրական, որի մեջ քննադատում է հոգևորականությունը, որովհետև նա գրաբարը դարձրել է իր սեփականությունը և սկսել «այդ լեզուն էգոստիորեն դարձնել եգիպտական գաղտնիք, որպեսզի ժողովրդի աչքում ավելի դիրք ու ակնածություն ունենա»:
«Նախաշավիղը» խոշոր նշանակություն է ունեցել հայ դպրոցական կյանքը վերափոխելու ուղղությամբ. կարելի է վստահորեն ասել, որ Աբովյանը այդ գրքում առաջադրած սկզբունքներով ու մեթոդով խոշոր շրջադարձ է կատարում և դաստիրակության ու կրթության գործում նոր դարագլխի սկիզբ դնում: Աբովյանը մերժում է գրաճանաչություն սովորեցնելը տառերի անունները տալով՝ «դա, սե ըթ» (դասը), «այբ, յի, դա» (այդ): Այդ մեթոդը սպանիչ դժվարություն է ներկայացնել երեխաների համար: Նա առաջադրում է իր մեթոդը՝ հնչականի՝ «դ, ա, ս, ը» (դասը), «գ, ի, ր» (գիր) և այլն: Ինչ բան է այդ տառը,-բացականչում է Աբովյանը,- որով դուք տանջում եք այդ անմեղ երեխաներին երկուսից երեք տարի: Այբուբենը կարելի է և պետք է սովորել երկուսից երեք ամսում. մնացածը՝ ընթերցանության նյութն է, մատչելի նյութը, երեխաների հոգուն և մտքին հոգեհարազատ նյութը: «Խնդրեմ ի Փառս Աստուծոյ ի բաց թողուլ զյիմար անունակոչություն տառից այբ, բեն, գիմ, ըթ և այլն. Զամենայն տառս պարտէ ըստ բնական հնչմանն արտասանել, վասն որոյ եթէ բառդ մարդ՝ ըստ արդի սովորութեան վանկեսցուք, ապա պա′րտ է ընթեռնուլ մենայբեդա , և ո′չ մարդ, որպէս ասեմք: …Իսկ բառդ երեխայութիւն՝ եչրէխէայբյիվհիւնթոինիհիւննու. Որպէս կարէ երեխայն այս ահագին երկարութիւն ի միտս պահել. և բառդ երեխայութիւն դեռ չէ այնքան բազմավանկ: Վասն որոյ հեշտագոյն, քան զամենյան է, զձայնաւոր տառսն այնպէս ասել՝ որպէս կան, զորօրինակ ա, ե, է, ը, ի, ս, օ, ու, իւ, եա, եօ: Իսկ զբաղաձայնսն՝ բը, գը, դը, զը, թը, ժը, լը, խը, ծը, կը, հը, ձը, ղը, ճը, մը, յը, նը, շը, չը, պը, ջը, ռը, սը, վը, տը, րը, ցը, սը, վը, քը, և այլն: Եթե այսպիսի մտառութեամբ ուսանի երեխայն ճանաչելով զզանազանությիւն տառից և ինքնին գրելով՝ ես խոստանամ յերկուս և յերիս ժամս ուսուցանել մանկան զամենյան տառս, զոր և փորձով իսկ արարեալ է իմ»:
«Նախաշավիղը» բազմաբովանդակ գիրք է. Այն բացի տառաճանաչության նոր մեթոդ առաջադրելուց, տալիս է բազմաթիվ հանձնարարականներ, շոշափում դաստիարակությանը վերաբերող շատ խնդիրներ: Աբովյանը սովորեցնում է տողադարձի կանոնը, նմանաձայների գործածությունը, վ, ու, ւ-ի կիրառությունը, միավանկ, երկվանկ և բազմավանկ բառերի բացատրությւոնն օրինակներով, վանկահատություն (վանկերի բաժանումը), այնուհետև գրքում զետեղում է բարոյախոսական բազմաթիվ փոքրիկ հոդվածներ:
Անշուշտ Աբովյանը տուրք է տվել իր ժամանակի բարոյական ըմբռնումներին և հոդվածները շարադրել է այդ ոգով: Դրանք պարզ լեզվով, երեխայի համար դյուրըմբռնելի հոդվածեր են, որոնց մեջ գաղափար է տալիս օրվա, ժամանակի, աշխարհի չորս կողմերի, տարվա օրերի, ամիսների, շաբաթվա, տարվա չորս եղանակների, ամպի մասին: Այս բոլորից հետո պատմում է մարդու հինգ զգայարանների մասին, իսկ վերջում, իբրև ամփոփում, տալիս հասկացություն «աշխարհիս ստեղծվանքի» վերաբերյալ, որոնք կարգի են բաժանվում. «ի կենդանիս, ի բույսս և ի հանքայինս: Մեր կենաց բոլոր ապրուստը և հարկաւորութիւնքը սրանցից ենք ստանում… Ամենայն այս կենդանիք, բույսք, հանքայինք իրար միջում կրկին զանազան տեսակ ունին»:
Այնուհետև զետեղված են զանազան ոտանավորներ, առակներ, ապա հակիրճ բարոյախոսական հոդվածներ:

«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ»-«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ» պատմավեպի գրության թվականի մասին բազում կարծիքներ են արտահայտվել: Շատ աբովյանագետներ նշում են 1840թ-ը, սակայն մի շարք փաստեր, որոնք նշված են վեպի հառաջաբանում, մեզ ստիպում է վեպի գրության թվականը համարել 1841թվականը:Առաջին փաստը այն է, որ«Վերք Հայաստանի» առաջաբանում Աբովյանը ասում է, որ իր վեպը սկսել է գրել եկեղեցական տոնի՝ Բարեկենդանի ժամանակ: Այդ տոնը Հայաստանում նշում են փետրվարին: Հաջորդ և գլխավոր փաստն այն է, որ նույն տեղում Աբովյանը գրում է իր հոգեկան ծանր վիճակի և նույնիսկ ինքնասպանություն գործելու մտադրության մասին: Աբովյանը գրում է, որ իրեն այդ քայլից ետ պահեց որդու ապագան. «Ջուրն ընկնիլ՝ էլ չէի կարող, չունքի Աստուծո ահը մտքումս, անմեղ քոռփիս ձենը անկաջումս էր. սերն ու ծնողական գութը ջիգյարումս…»: «Վերք Հայաստանի» վեպի բարեկենդանի ժամանակ գրելու փաստը հաշվի առնելով հասկանում ենք, որ Աբովյանի որդին 1840թ-ի բարեկենդանի ժամանակ ծնված չէր: Նրա որդին ծնվել է 1840թ-ի մայիս ամսին, իսկ 1841թ-ի փետրվար ամսին Աբովյանի որդին արդեն կար և գրկի երեխա էր: Հառաջաբանում որդու մասին հիշատակումը վկայում է, որ վեպը գրվել է 1841թ-ին:
Ո՞վ է եղել Աղասին, իրական պատմական անձնավորություն, թե՞ Աբովյանի երևակայության արդյունք: Աբովյանը գրել է.«Նա (Աղասին-Պ.Հ.) օտար մարդ չէ, իմ հայրենակիցն է, Քանաքեռից, իմ ժամանակակիցն ու հեռավոր ազգականը»: Սրանից էլ հետևություն, որ «Վերք Հայաստանի»-ի գլխավոր հերոս Աղասին եղել է իրական անձնավորություն, քանաքեռցի, Աբովյանի հեռավոր ազգականը և ժամանակակիցը:
«Վերք Հայաստանի» պատմավեպի սյուժեն նկարագրում է 1826-1828թթ. ռուս- պարսկական պատերազմը:
«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԻ» պատմավեպը լույս է տեսել 1858թ-ին, Թիֆլիսում: Մինչ տպագրվելը «Վերք Հայաստանին» ձեռագիր վիճակում ձեռքից ձեռք է անցել: Տարածողը եղել է Աբովյանի Թիֆլիսի աշակերտներից Գևորգ Աքիմյանը: Նա Աբովյանի կնոջ՝ Էմիլիա Լօօզեի մոտ պահված ձեռագրերից գտնում է վեպի հաստ տետրը և իրավունք ստանալով արտագրել է տալիս այն, պատճենը վերցնում, իսկ բնագիրը վերադարձնում տիկնոջը: Այնուհետև երկար տարիներ, ինչպես Աքիմյանն է գրում. «տանջվում էի մտածելով, թե մինչև երբ թողեմ անտիպ (չտպագրված) մնա իմ մոտ գտնվող պատճեն և նրա հետ անծանոթ մնա սիրելի-կորած վարժապետիս անունը: Քանզի ոչ ոք հավանություն չէր տալիս տպագրության մտքին»: Վերջապես Թիֆլիսում գտնվում է մի պատվական հայ՝ Փոնդոյանց Հովսեփը: Նա «տաք սրտով» ձեռնամուխ է լինում գրքի հրատարակության գործին: Եվ համատեղ ջանքերով 1858թ-ին 1000 օրինակ և մի քիչ ավելի տպաքանակով, գրողի անհետացումից տասը տարի անց պատմավեպը լույս է տեսնում և հասանելի դառնում հայ ժողովրդին:
«Վերք Հայաստանի» վեպի մասին

Աբովյանի ստեղծագործական պսակը «Վերք Հայաստանին» է, ուր մեծագույն վարպետությամբ բացված-արծարծված են հատկապես Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման և ժողովուրդների բարեկամության թեմաները:
Վեպի հառաջաբանում գրողը պարզաբանում է 3 էական խնդիրներ, որոնք առնչվում են հայ գրականության ձևավորմանը:
Աբովյանը ժողովրդի կենդանի, բաբախուն կյանքն առավ ռոմանտիկական ու ռեալիստական գույների թանձր համադրույթի մեջ: Մեծ հումնաիստը գեղարվեստական գրականության հերոսի խնդիրը նույնպես լուծեց կենսական պահանջների ոգուն համապատասխան: Նա ասպարեզ հանեց ժողովրդի բուն ընդերքից ելած Աղասուն՝ դրանով իսկ հարված հասցնելով կլասիցիստական պատկերացումներին ու գեղագիտությանը:
Աբովյանի ստեղծագործության մեջ ժողովուրդը հանդես եկավ իր ցավերով ու տառապանքներով, ոգորումներով ու իղձերով, հասարակական-քաղաքական կողմնորոշումներով ու ակնկալություններով:
Խ. Աբովյանի ստեղծագործության մեջ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման թեման երևում է եզակի, առանձնահատուկ և բառիս բուն իմաստով հրատապ ընդգծումներով:
Վեպի առանցքային կերպարը Աղասին է: Նա իր մեջ մարմնացնում է գրողի քաղաքական ու քաղաքացիական հայացքները: Քանաքեռցի գյուղացու տղա էր Աղասին: Նրա «սուրայի բոյը», լայն թիկունքը, հսկա ուժը առասպելական հերոսի տպավորություն էին թողնում: Աղասին ժողովրդի զավակ էր, նրա բոլոր բարեմասնությունների մարմնացումը: Նրան սիրում էին, որովհետև «հնազանդ որդի էր» բոլոր ազգերի ազնիվ մարդկանց համար: Անշահախնդիր օգնություն, նվիրվածություն, բարություն, խիզախություն, հայրենասիրություն՝ ահա այն հատկանիշները, որոնք զարդարում էին այդ հերոսին:
Հիշենք վեպից «աղջիկ քաշելու» տեսարանը: Լուրը հասնում է Աղասուն՝ թե պարսկական ֆառաշները հերթական անգամ մտել են Հայաստան և առևանգում են գեղատես աղջիկներին: Քանաքեռը սգի մեջ էր, քանի որ առևանգվել էր Թագուհին:
Քամու նման սուրում է Աղասին: Հասնում է գյուղ և առյուծաբար հարձակվում պարսակական ֆառաշների վրա: Ոմանց գլուխն է կտրում, մյուսները մազապուրծ փախչում են: Ծանր վտանգ էր սպասվում գյուղին, մանավանդ Աղասուն: Աղասին կտրիճների մի խումբ է կազմում ու հեռանում Քանաքեռից:
Աղասին սիրում է ժողովրդին, իր անձը նվիրաբերում է նրան, պարսիկիների դեմ կռվում միմիայն պաշտպանելու ժողովրդի ոտնահարված պատիվն ու ազատագրելու նրան ստրկական լծից: Աղասին պատկերված է դյուցազնական վեպի հերոսի գծերով: Նա շատ ընկերասեր է և սիրում է իր ընկերոջը՝ Մոսուն: Հիշենք Նազլուի, Աղասու և մոր հարաբերությունները, որոնք ավելի շատ ընդգծված են այն կարոտակեզ նամակներում, որոնք հասցեագրված են սիրատոչոր հարսին ու գորովագութ մորը: Խամրում էր երիտասարդ հարսը: Օրեցօր քայքայվում էր մայրը, իսկ հայրը բանտարկված էր Երևանի բերդում:
Փոթորկվում էր Աղասու սիրտը: Նա շտապում է բերդ՝ ազատելու հորը, սակայն դարանակալ պարսիկի դաշույնը վերջ է տալիս Աղասու կանաչ կյանքին: Ամբողջ հայ ժողովուրդն էր սգում իր հերոսի եղերական մահը: Հայերն ավելի գոտեպնդվեցին պարսկական հորդաների դեմ և ռուսական բանակի հետ վերջնական գրոհ կազմակերպեցին Երևանի բերդի վրա: Եվ փլվեց «հարյուրգլխանի հրեշը»:
Աբովյանը հայրենասիրական մեծ պաթոսով է պատկերել Երևանի բերդի գրավումը: Վեպի երկրորդ սյուժեն հայ և ռուս ժողովուրդների բարեկամական հարաբերություններն են, որը երևաց հատկապես 1826-1828թթ.: Աբովյանն անհուն ջերմությամբ գրեց. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարքը մտավ ու ղզլբաշի չար շունչը մեր երկրիցը հալածեց»…
Վեպն ավարտվում է «Զանգի» գլխով: Այս վերնագրի տակ Աբովյանը ներկայացնում է ոչ միայն հայ և ռուս. այլև անդրկովկասյան մի բախտի ժողովուրդների բարեկամությունը՝ սիմվոլիկ կերպով պատկերելով Զանգուն, Քուռը և Վոլգան, որոնք իրար գրկած թափվում են Կասպից ծովը:
Աղասու կերպարը
Աբովյանի մանկության ու պատանեկության տարիներին նրա ծննդավայրում հռչակվել է Աղասի անունով մի երիտասարդ: Սպանելով ու հալածելով իր քրոջն առևանգող պարսիկներին, նա, այնուհետև փախել է Երևանի խանությունից և երկար թափառելով ռուսական սահմանում՝ անուն հանել իր քաջագործություններով: Ավելին, նա եղել է Աբովյանի ազգականներից մեկը, Ապովի թոռներից: Կնոջ անունը եղել է Նազլու, երեխաներինը՝ Վիրապ, Կարո և Փարիխան: Աղասին Քանաքեռցի գյուղացու տղա էր: Նրա սուրայի բոյը, լայն թիկունքը, հսկա ուժը առասպելական հերոսի տպավորություն էին թողնում: Աղասին ժողովրդի զավակ էր, նրա բոլոր բարեմասնությունների մարմնացումը: Նրան սիրում էին, որովհետև հնազանդ որդի էր, բոլոր ազգերի ազնիվ մարդկանց համար: Անշահախնդիր օգնություն, նվիրվածություն, բարություն, խիզախություն, հայրենասիրություն՝ ահա այն հատկանիշները, որոնք զարդարում էին այդ հերոսին: Աղասին վեպի ամբողջ հյուսվածքում երևում էր իբրև քաջ ու հայրենասեր, ընկերասեր անձնավորություն:
Երևանի բերդի նկարագրությունը «Վերք հայաստանի» վեպում
Լե՛ռ քարափի վրա՝ ցից գլուխը բարձրացնում, թամաշյա անում հանդարտ՝ հազար գլխանի դևի պես՝ Երևանու՝ հազար տարեկան քավթառ, պառաված, չորս կողմը խանդակով կապած, բրջերով ղայիմացրած, սո՛ւր-սո՛ւր ատամները գլխին շարած, հինգ գազաչափ հաստ պարսպով երկու տակ բռնած, մեկ ոտը Կոնդումը, մեկ ոտը դամբուրբուլաղի լաղի գլխին դրած, մեկ բերանը հյուսիս, մեկը հրավ բաց արած, չորացած գլուխը երկինքը ցցած, լեն փեծերը երկրեւմը փռած, անամոթ րեսը կոկած, սվաղած, հազար բնով, հազար փանջարա աչքերը դես ու դեն չռած, ջուխտ չանգերով զանգվի՝ քարոտ, զարհուրհելի, սևադեմ ձորը խտտած, դոշին կպցրած, անմազ, անլեզու, մարդակեր բերդը, ուդեղնած երեսը հեռու տեղից ծածկում, ագահ աչքերը գետնին քցում, որ միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ իր ծոցը քաշի ու բիրադի, անձեն, անսաս կուլ տա, փչացնի:

Խաչատուր Աբովյանի ասույթներից
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահարս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արեւին ղուրբա՛ն. տասը լեզու սովորեցե՛ք, բայց ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ պահեցե՛ք:
Որ ջանք անենք, մեկզմեկու սիրենք, մեր լեզուն, մեր եկեղեցին էնպես ղայիմ բռնենք, ինչպես մեր երջանիկ նախնիքը, հավատացի՛ր ինձ, աստված էլ կսիրի մեզ մառդ էլ:
Ա՜խ, լեզուն, լեզուն.լեզուն որ չըլի, մարդ ինչի՞ նման կըլի: Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ինչո՞վ կարես ասիլ, թէ ո՞ր ազգիցն ես:
Վայելի՛ր էստոնք, հողածին մարդ, բարի կա՛ց, բարություն արա՛… ծառի պես պտուղ տո՛ւր, ծաղկի պես հոտ, սարի պես՝ մասիլ (բերք), երկրի պես՝ հաց, երկնքի պես՝ լիս:
Նամարդությունը ու թուլությունը տղամարդի համար ամոթ ա, քաջությամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել, մեր աշխարհի սիրով մեռել:
Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ի՛նչքան հոգի ունի, ինչքա՛ն կամաց զորություն, սրտի հաստատություն…
Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օրըիր արնի գնովը պահեց, հասցրեց՝ որ մեկ ազգ էլ ա էսպես օրինակ չունի:
Հայոց ազգ՝ քո հողին մատաղ՝ Հայոց աշխարհ, էն ո՞ր կաթը դուք ծծեցիք, էն ո՞ր մեջքը ձեզ բերեց, էն ո՞ր ձեռը ձեզ գրկեց, էն ո՞ր բերանը ձեզ օրհնեց, որ դուք ես հոգին ունենաք, էս սիրտը ձեր միջումն ըլի, էս հրաշքըդուք աշխարքին ցույց տաք:
Դու է՛ն ազգի որդին ես, որ էսքան տանջանք քեզ համար քաշեց, ինքը նահատակվեց, քո կաթդ ու արինդ ուրիշ ազգի հետ չխառնեց:
…Իմ ուզածն էն ա, որ քեզ ծառայեմ, քեզ իմ կյանքս տամ, քանի շունչս բերանումս ա:
Հայաստան հրեշտակի պես առաջիս կանգնած ինձ թև էր տալիս:
«Ինչ կուզե ասեն, ես իմ կոպիտ գլխովը էնպես եմ կարծում նհաղ տեղը դատած մալը ուտիլը ու դարտակ քնիլը հարամ ա: Մարդ պետք է ինքն էլ աշխատի, որ կերածը հալալ ըլի»:

Խաչատուր Աբովյանի արձանը
1908թ.-ին հայտարարվում է Աբովյանի հուշարձանի լավագույն նախագծի մրցանակաբաշխություն: Մրցույթը շահում է ճանաչված քանդակագործ Անդրեաս Տեր- Մարուքյանը: Նրա երկու նախագծերը ժամանակին լավ ընդունելություն է գտնում և ժյուրին հանձնարարում է քանդակագործին պատրաստել Խ. Աբովյանի արձանը բրոնզից՝ նախագիծն ուղարկելով Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիա՝ հաստատման համար:
Երևանում եղած ժամանակ Ա. Տեր-Մարուքյանը գնում է Քանաքեռ՝ Խ. Աբովյանի ծննդավայր, լինում է նրա տանը , զրուցում ազգականների հետ, դիտում և ուսումնասիրում Աբովյանի միակ յուղաներկ դիմանկարը: Այնուհետև մեկնում է Թիֆլիս, որպեսզի խորհրդակցի այնտեղ գտնվող հայ գրողների և հասարակական գործիչների հետ: Քանդակագործը զրուցելով և շփվելով մեր մշակույթի ականավոր գործիչների հետ, լցվում է ստեղծագործական նոր եռանդով: Խ. Աբովյանի արձանի և նրա պատվանդանի քանդակագործական կոմպոզիցիայի վրա Տեր-Մարուքյանը աշխատում է Փարիզում՝ 1910-13թթ.-ին:
Համառ և երկարատև աշխատանքի շնորհիվ նա 1913թ.-ին ավարտում է հուշարձանի պատրաստումը և նույն տարում ձուլել տալիս բրոնզից: Այս գեղեցիկ ստեղծագործության մեջ գրողի դեմքի բնութագրությունը կապված է հուշարձանի հիմնական գաղափարի հետ: Դիտողը զգում է նրան տանջող մտքերը՝ իր ժողովրդի ծանր վիճակը օտար լծի տակ, որն այնքան տպավորիչ կերպով նկարագրել է «Վերք Հայաստանի» վեպի մեջ: Այդ ամենի ընկալմանը նպաստում է Աբովյանի դեմքի մարդկային արտահայտությունը:
Բրոնզե արձանը մնում է Փարիզի այն գործարանում, ուր ձուլվել էր: Հանգանակությամբ հավաքվող գումարը չէր բավարարում վճարելու նրա ծախսերը և գործարանատերը բաց չէր թողնում նրա արձանը, մինչև վճարվեր բրոնզի և ձուլման ամբողջ ծախսերը:
Ա. Տեր-Մարուքյանը մտահոգված լինելով ստեղծագործական բախտով և հուշարձանը Երևանում կանգնեցնելու երազանքով՝ 1913թ.-ին կրկին վերադառնում է Երևան, իր ծախսերով փորել է տալիս հուշարձանի հիմքի տեղը և տախտակներով ցանկապատում՝ հույս ունոնալով, որ հանգանակությամբ հավաքվող գումարով և մեծահարուստների առատաձեռնությամբ հնարավոր կլինի վճարել արձանի ձուլման ծախսերը:
1925թ. Արձանը Երևան տեղափոխելիս ճանապարհին անհետացավ, ապա մի քանի ամիս որպես Եվրոպայի անանուն հեղապողականի արձան դրվեց Բաթումի կենտրոնական հրապարակում: 1933թ.-ին վերջապես հաջողվեց արձանը տեղադրել Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Երևան» հյուրանոցի միջև ընկած տարածքում, այնուհետև Ծիծեռնակաբերդի լանջի քարակույտերի մեջ, որտեղից էլ տեղափոխվում է Մանկանան երկաթուղու մուտքի մոտ՝ թունելի դիմաց: Տարիներ հետո երբ վերակառուցվում է գրողի տուն- թանգարանը Քանաքեռում, արձանը կրկին տեղահանվում է և 1964թ.-ին վերջնականապես տեղադրվում է Քանաքեռում՝ հայրական տան դիմաց:

Աբովյանի գրական ժառանգությունը

Խ. Աբովյանի գրական հարուստ ժառանգությունը բնութագրվում է ժանրային ապշեցուցիչ բազմազանությամբ: Նա հեղինակել է վեպեր, պատմվածքներ, պիեսներ, պոեմներ, ծավալուն բանաստեղծություններ, քառյակներ, ինչպես նաև լեզվաբանական, մանկավարժական, ազգագրական, պատմաաշխարհագրական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատություններ: Աբովյանի ստեղծագործական պսակը «Վերք Հայաստանին» է, ուր մեծագույն վարպետությամբ բացված-արծածված են հատկապես Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման և ժողովուրդների բարեկամության թեմաները:
Աբովյան-երգիծաբանի տաղանդն ի հայտ է գալիս «Պարապ վախտի խաղալիք» գրքում, որ գրվել է «հասարակ մարդկանց», մշակների, արհեստավորների և գյուղացիների համար:
Մեծ գրողի մշակած առակները ևս բազմաբովանդակ են, նրանց մեջ ցոլացել են Աբովյանի ժամանակի հայ կյանքը՝ իր տխուր ու զավեշտական կողմերով: Դրանցից են՝ «Աշխարհը դմակ, մարդիկ՝ դանակ», «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավորը», «Գելն ու գայլը», «Առյուծն ու մոծակը» և այլն:
«Պարապ վախտի խաղալիքը» գրել է 1841թ., Թիֆլիսում, բայց տպագրվել է 1862թ.:
«Նախաշավիղը» գրվել է 1838թ., սկզբում անվանվել է «Տարերք արդի հայերենի»: Աբովյանը գրել է երկու «Նախաշավիղ». մեկը լույս է տեսել իր կենդանության օրով, մյուսը՝ մահից հետո, 1862թ.:
Գրքի մեջ Աբովյանն արտահայտում է իր մանկավարժական հայացքները և գրաճանաչության նոր մեթոդը: Ավատական ժամանակաշրջանի Տեր Թոդիկյան դպրոցին նա հակադրում է այն նորը, որ իր ժամանակի սխոլաստիկ դպրոցի հակադրությունն է: Գլխավոր նորությունն այն է, որ Աբովյանը գրաճանաչությունը դնում է նոր հիմքերի վրա, առաջադրում գրաճանաչություն սովորեցնելու դյուրին և արդյունավետ եղանակներ: «Նախաշավիղը» խոշոր նշանակություն է ունեցել հայ դպրոցական կյանքը վերափոխելու ուղղությամբ, կարելի է վստահորեն ասել, որ Աբովյանը այդ գրքում առաջադրած սկզբունքներով ու մեթոդով խոշոր շրջադարձ է կատարում և դաստիարակության ու կրթության գործում նոր դարագլխի սկիզբ դնում:
Պատմություն Տիգրանի կամ բարոյական խրատներ հայ մանուկների համար վեպը Աբովյանի մանկավարժական ուշագրավ, դաստիարակչական աշխատություններից մեկն է: Վեպի ներկայացրել է իդեալական ծնողների՝ Աննային ու Տիգրանին, որի անունով կոչվում է ստեղծագործությունը: Նրանց հոգատարության առաջնահերթ առարկան երեխաների՝ Վարդանի ու Եղիսաբեթի կրթությունն է:
Աբովյանի գրչին են պատկանում մի շարք չափածո, ինքնուրույն և թարգմանական ստեղծագործություններ: Բացի 105 ոտանավորներից և 80 քառյակներից, որոնք կազմում են մեծ բանաստեղծի սեփական ստեղծագործությունները, աբովյանը թողել է նաև թարգմանական գործեր՝ եվրոպական հեղինակներից, ինչպես նաև թերավարտ և սևագիր վիճակում անտիպ բանաստեղծություններ, որոնց թիվը հասնում է 22-ի: Դրանք, բացի երկուսից, գրված են գրաբար:
Աբովյանը գրել է նաև 82 բայաթի:
Աղասու խաղը մեծ բանաստեղծի բուռն, հորդահոս, հախուռն զգացմունքի, նարեկյան ոճով հյուսած ստեղծագործություն է:Խաղը սկսվում է՝ արտահայտելով իր կարոտն առ Մասիս:
Աբովյանը ժառանգություն է թողել նաև մեծարժեք հուշանոթային ստեղծագործություններ: Նրա «Դորպատյան օրագրերը» պարունակում են գրողի կյանքը Դորպատում՝ 1830թ. օգոստոսի 25-ից մինչև 1835թ. մարտի 25-ը: Այդ պատճառով օրագիրն անվանել է «Դորպատյան»:
Աբովյանի ճանապարհորդական տպավորությունները հրատարակել է Հայաստանի գիտ.ակադեմիան՝ տալով «Ուղեգրություններ» վերնագիրը: Աբովյանն այն վերնագրել է այսպես. Ճանապարհորդություն Պարոն Պրոֆեսոր Պարրոտի և Խաչատուր դպրի Ապովեան:
Աշխատությունն սկսվում է մի ոտանավորով, որ վերնագրել է «Նախասահմանութիւն» : Այն կարելի է համարել «Ճանապարհորդության» նախերգանքը: Գրված է գրաբար:
Ուղեգրություններից նշենք՝ «Մասիսի գագաթը», որը գրել է 1829թ., «Առ բարեսնունդ և սիրելի աշակերտ իմ», գրել է1838թ.՝ ուղղված իր աշակերտներին: «Նոր վերելք դեպի Արարատ», գրել է ռուսերեն, 1847թ.: «Երեք արևմտյան իմաստուններ» հոդվածը ռուսերեն է, անավարտ, գրել է 1846-1874թթ.: «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» գրված է ռուսերեն: «Պատանեկության հուշեր» հոդվածում կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում իր մասին: «Ճանապարհը Էջմիածնի միջով դեպի Սարդարապադի ջրանցքը» հոդվածում մերկացնում է հոգևորականներին:
Հատված Ֆ. Պարրոտի կենսագրությունից գրականագիտության մեջ ընդունված է, որ այս երկը ուղեգրական բնույթի է, որ դրա ոչ սկիզբն է հայտնի, ոչ վերջը:
Աբովյանի թարգմանությունները կարելի է բաժանել 2 խմբի՝ արձակ և չափածո; Արձակ թարգմանություններից է՝ «Ագնես», «Ադելայիդա ֆոն Վուլֆինգենեան կամ արձանագիր բարբարոսեութեան երեքտասներորդ դարու. Եղերերգություն ի չորս արկածս»:
Աբովյանը թողել է նաև դրամատիկական գործեր՝ «Գիժն ուսումնարանում» աշակերտական կատակը, «Ֆեոդորա կամ Որդիական սերը», որը գրվել է 1841թ., «Օվսաննա», «Լինդան», «Ժուլի կամ նոր Էլոիզա»:
Հատված Ն. Կարամզինի «Ռուս ճանապարհորդի նամակները» գրքից, Աբովյանի ամենավաղ թարգմանական աշխատանքներից է:
Խ. Աբովյանի նամակներիցպահպանվել են ընդամենը 72 նամակներ:
Աբովյանը կատարել է նաև թարգմանություններ նաև ռուս և եվրոպական գրողներից: հատվածներ Քեշիշ օղլու և Ալլահվերդու մրցությունից չափածոն գրված է մաքուր գրական աշխարհաբարով, թողել է համառոտ ակնարկ հայերի մասին, ինչպես նաև ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի և հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին: Աշխատություն է գրել նաև քրդերի և եզդիների մասին, համառոտ պատմական ակնարկ Երևան քաղաքի մասին, Կեչառույքի տաճարի մասին:
Աբովյանը թողել է նաև բազմաթիվ ճառեր և ուղերձներ գրված զանազան առիթներով:
«Պարապ վախտի խաղալիքը»-«Պարապ վախտի խաղալիքը» Խ.Աբովյանը գրել է 1841թ-ին, բայց հառաջաբանը գրել է 1843թ-ին , իսկ տպագրվել է 1862թ-ին: Գիրքը սկսվում է«էս գրքի ճամփի խրատը» վերնագրով մի լավատեսական շնչով գրված, թևավոր խոսքերով.«Գնա իմ խեղճ, գնա´ մարդամեջ…»:
Այնուհետև սկսվում է բուն երգիծական նյութը, որը բաժանված է խմբերի: Առաջինը բաղկացած է 12 «Ասացվածք»-ից, երկրորդը՝ 21 «Առասպելք»-ից, իսկ երրորդը՝ 5 «Ասացվածք»-ից:
Գրքում ի հայտ է գալիս Աբովյան երգիծաբանի տաղանդը: Գրի են առնված ժողովրդի բանավոր ստեղծագործությունները, այլ լեզուներից կատարված թարգմանություններ: Աբովյանի մշակած առակները շատ բազմաբովանդակ են, նրանցում երևում է Աբովյանի ժամանակի հայի կյանքը՝ իր տխուր, դժվար, միևնույն ժամանակ զավեշտակ կողմերով: Գրողը մերկացնում է դատարկախոս հարուստների ագահությունը, նենգությունը, տգիտությունը, փողամոլությունը, եսամոլությունը:

Խ. Աբովյանը՝ ազգագրագետ
Խ. Աբովյանը հայագիտության մեջ գնահատված է որպես հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ ու մանկավարժ, սակայն, ցավոք, նրա ազգագրական ժառանգությունը առ այսօր մնում է չուսումնասիրված և պատշաճ չգնահատված, մինչդեռ Խ. Աբովյանը իր թողած ազգագարական ժառանգությունը առ այսօր մնում է չուսումնասիրված և պատշաճ չգնահատաված, մինչդեռ Խ.Աբովյանը իր թողած ազգագրական ժառանգությամբ մեծ դեր է խաղացել հայ գիտական ազգագրության հիմնադրման գործում: Այդտեղ մտնում են Աբովյանի թե՛ բուն ազգագրական ու բանագիտական գործերը, որ նա գրել է հատուկ մտադրությամբ, և՛ թե այն ազգագրական երևույթները, որոնք նա ներկայացրել է իր գեղարվեստական ստեղծագործություններում: Հայ ազգագրությունը լայն արտացոլում է գտել Աբովյանի երկերում: Այդ տեսակետից միայն Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը հայ ժողովրդական ավանդական կենցաղի, ծեսերի ու սովորույթների, բարքերի մի հարուստ շտեմարան է: Հայերի և Հայաստանում ապրող քրդերի, թուրքերի և այլ էթնիկ խմբերի կենցաղի ու մշակույթի վերաբերյալ նաև նրա շուրջ 2 տասնյակի հասնող գրական և գիտական գործերը ևս անչափ ուշագրավ են: Դրանցից կարելի է առանձնացնել «Առաջին սեր», «Թիֆլիսի հայոց հանգստարանը», «Թուրքի աղջիկը», «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի և հատկապես նրանց հարսանեկան սովորույթների մասին», «Համառոտ ակնարկ հայերի մասին», «Հայաստանի և հայ ժողովրդի տնտեսկան ու կուլտուրական վիճակը բարելավելու ուղիների մասին», «Քրդեր և եզդիներ»,«Ակնարկ քրդերի ծագման, ազգային հատկանիշների, լեզվի, բարքերի ու սովորույթների մասին», «Ռուսական իջևանատների մասին», «Ռուսական իջևանատների մասին», «Հայոց եկեղեցական և ժողովրդական երաժշտությունը», «Գյուղական տների կառուցվածքը» և այլն: Խ.Աբովյանի ազգագրական ժառանգությունը մեծ դեր ունի հայ ազգագրության պատմության մեջ՝ դարձնելով նրան հայ ազգագրության հիմնադիրներից մեկը:
Խ. Աբովյանի Ժառանգները

Խ. Աբովյանը 1838թ. Թիֆլիսում ծանոթանում է լութերական օրիորդ Էմիլիե Լօօզեի հետ: Ամուսնության դաշն կնքելու համար անհրաժեշտ էր ստանալ քրիստոնեական և լութերական եկեղեցիների համաձայնությունը:
1838թ. Աբովյանը Էջմիածնի Սինոդին դիմում է ուղղում՝ իրեն հոգևոր կոչումից ազատելու մասին: 1839թ. ըստ գոյություն ունեցող կարգի, Խաչատուրի և Էմիլիեի միջև կնքվում է ամուսնության «Դաշն», ըստ որի Էմիլիեն համաձայնում է պսակադրությունը անցկացնել հայկական եկեղեցում, և որ իրենց երեխաները նույնպես պետք է մկրտվեն հայկական եկեղեցում:
Պսակադրությունը տեղի է ունենում 1839թ. դեկտեմբերին: Նրանք ունեցել են մեկ որդի՝ Վարդան Աբովյան և մեկ դուստր՝ Զարմանդուխտ Աբովյան:
Աբովյանի ժառանգների մասին պահպանվել են ոչ բավարար տեղեկություններ:
Վարդան Աբովյանը ծնվել է 1840թ. մայիսի 30-ին: 8 տարեկանից զրկվելով հորից, նրա դաստիարակությունն ընկնում է մոր՝ Էմիլիեի վրա:
9 տարեկանից Վ. Աբովյանը սովորել է Ներսիսյան դպրոցում: 1854-59թթ. Վարդանը սովորում է Խարկովում: 1860թ. դառնում է Դորպատի համալսարանի ուսանող: Նյութական վատ վիճակում գտնվելու պատճառով նա թերի է թողնում ուսումը, բայց ռեկտորի միջամտությամբ քննություն է հանձնում և ստանում ուսուցչի կոչում: Դասավանդում է ռուսաց լեզու, պատմություն և այլն: 1875թ. տեղափոխվում է Էջմիածին, 5 տարի աշխատում Գևորգյան ճեմարանում, որից հետո թեմական դպրոցում:
Մահացել է 1896թ. և թաղված է Սուրբ Գայանե եկեղեցու բակում:
Նրա կինն է եղել Կատարինե Յարալյան-Աբովյանը: Նրանք ունեցել են 8 զավակ, որոնցից 3-ը մահացել են, մնացել է 2 աղջիկ և երեք տղա: Զարմանդուխտ Աբովյանը ծնվել է 1843թ.: Ավարտելով կանանց գիմնազիան, Զարմանդուխտը ամուսնանում է հարկահավաք Բոժովսկու հետ, համատեղ կյանքում ունեցել է 5 զավակ՝ 4 աղջիկ և 1 տղա:
Զարմանդուխտը մահացել է 1906թ.: Նրա հետևորդները հիմնականում բժիշկներ էին:

ԺԱՌԱՆԳՆԵՐ- Ամուսնությունից հետո, 1940թ. մայիսի 31-ին ծնվում է Խ.Աբովյանի առաջնեկը՝ Վարդանը, որին կոչում է նաև Մորից անունով՝ ի պատիվ Ֆ.Պարրոտի որդու, որի անունը Մորից էր:
1943թ. ծնվում է Աբովյանի դուստրը՝ Զարմանդուխտը, որին կոչել է Ադելաիդե, ի պատիվ Դորպատի իր մեծ սիրո: Այս գեղեցկադեմ, շատ հաճելի օրիորդը շատ-շատերին էր գերել, շատերը համառությամբ սպասել են նրա վճռին, չիմանալով, որ հոգու մեծ սիրով նվիրվել էր հայ դպրին:
Հետագայում ինչ ավարտ ունեցավ այս սերը, չգիտենք, բայց հայրենիք վերադառնալուց հետո էլ նա անընդհատ հիշում է Ադելաիդեին, որը կես տարի հետո ամուսնանում է բժիշկ, կալվածատեր Թեոդոր Դերկսի հետ:

ՀԱՎԵՐԺԱՑՈՒՄ-Հայ ժողովուրդը իր երախտագիտությունը հայտնելով մեծ հայրենասերին ու լուսավորչին, 1920թ-ից նրա անունով՝ Խ.Աբովյան կոչեց Երևանի գեղեցիկ փողոցներից մեկը, որի սկզբնամասում նրա արձանն է՝ շրջապատված բազմագույն ծաղիկներով: Ներկայիս Աբովյան փողոցը ժամանակին՝ 1868-1920թ-ին կրել է Երևանի գեներալ-նահանգապետ Աստաֆևի անունը:
«Խաչատուր Աբովյան» օպերան գրել է Գևորգ Արմենյանը: Առաջին անգամ բեմադրվել է Ալ. Սպենդարյանի անվան օպերային թատրոնում 1960թվ.-ին:
Չորս գիրք ունի հայ ժողովուրդը, որ , ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները:
Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Եղիշեի «Վարդանանց» պատերազմը, Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ («Մատյան Ողբերգության»)և Աբովյանի «Վերքը»: Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտվում է մեր ժողովրդի խորագին վիշտը, պայքարը և անշիջանելի պաթոսը:
Խ. Աբովյանը՝ աշխարհագրության ուսուցիչ

Աշխարհագրական գիտելիքների ձևավորման գործում մեծ նշանակություն ունեցան Դորպատի համալսարանում 1830-1835 թթ. ուսումնառության տարիները: Պրֆ. Ֆ. Պարրոտի ղեկավարությամբ նա ուսումնասիրել է «Ընդհանուր երկրագիտություն» կոմպլեքսային առարկան: Խ. Աբովյանի արխիվներում գտնված փաստաթղթերից պարզ երևում է նրա ստացած աշխարհագրական գիտելիքների բավարարությունը մեր մոլորակի ու աշխարհամասերի պետությունների, մարդկանց գործունեության վերաբերյալ: Նա ուսումնասիրել է ֆիզիկական աշխարհագրություն, տնտեսական կամ քաղաքական աշխարհագրություն: Ֆիզիկական աշխարհագրության գիտելիքների խորացման, հարստացման բնագավառում առանձնապես մեծ նշանակություն է ունեցել Մ. Վագների (1843թ.), Հ. Աբիխի (1844թ.), Կ. Կոխի (1844թ.) հետ կատարած ճանապարհորդությունները և հանդիպումները: Քաղաքական և տնտեսաաշխարհագրական նոր գիտելիքներ ձեռք բերելու գործում՝ Պ. Հաանի (1838թ.) և Ա. Հաքստհաուզենի (1843թ.) հետ կատարած ուղևորությունները և մի շարք այլգ իտությունների խոշոր ներկայացուցիչների հետ միասին կատարած ուսումնասիրությունները:
Այս տարիներին Աբովյանը հմտանում է աշխարհագրական դիտողական սարքեր պատրաստելու գործում, որը խոսում էր դեպի աշխարհագրությունը ունեցած նրա հետաքրքրությունների ևս իր մասին: 1832թ. Պատրաստեց հայատառ առաջին գլոբուսը՝ Արևմտյան կիսագնդի քարտեզով: Նախ ստվարաթղթից պատրաստեց գլոբուսի սեգմենտները, ապա «կավե» գունդը, որի վրա էլ ամրացնում է ստվարաթղթից կտրատած սեգմենտները: Վերջում տեղադրում է աշխարհամասերը և օվկիանոսները, աշխարհագրական մյուս օբյեկտները և ներկում: Գլոբուսի պատրաստման աշխատանքում Խ. Աբովյանին մեծ օգնություն է ցույց տվել Ֆ. Պարրոտը:
Հետազոտության տարիներին Խ. Աբովյանը գծագրել է նաև աշխարհագրական քարտեզներ: Արխիվներում պահպանվել են դրանցից երեքը՝ Արևմտյան Կիսագնդի Արևելյան Հայաստանի կենտրոնական մասին և Հյուսիսային բարեխառն գոտու քարտեզները: Այս քարտեզները և գլոբուսը մեծ լուսավորիչը հետագայում օգտագործել է դասավանդման ժամանակ և ծառայեցրել մատաղ սերնդի կրթության նպատակին:

Աբովյանի դիմանկարը

Աբովյանի ողբերգական անհետացումից երեք ամիս անց, 1848թ.հուլիսի 4-ին. ընդունված կարգով, Երևանի գավառական խնամակալությունը նրա թողած անձնական իրերի կարևոր մասը պատշաճ արձանագրությամբ պահ է տալիս կնոջը՝ Էմիլիե Լոզեին: Համապատասխան ցուցակի 16 և 38-րդ կետերից իմացվում է, որ դրանց մեջ եղել են նաև գրողի ձեռագիրը և, որ խիստ կարևոր է մեր նյութի համար, դիմանկարը՝ “Портерт Христофора Абовяна”:
Նույն տարվա օգոստոսի 25-ին վերստուգվում է Աբովյանի թողած շարժական ու անշարժ գույքը և նորից նոր կազմված ցուցակում, ի շարս ձեռագրերի ու այլ իրերի, կրկին արձանագրվում է դիմանկարը “Портерт Христофора Абовяна” 1 հատ.;
Եվ Աբովյանի այդ դիմանակարը, որ պաշտոնապես պահ էր տրվել կնոջը՝ Էմիլիեին, վերջինիս մոտ էլ մնաց գոնե մինչև 1866թ., եթե ոչ մինչև նրա մահը (1870թ. մարտ):
Վավերագրերով հավաստված է, որ Աբովյանի որդին՝ Վարդանը (1840-1896), 1961թ, հունվարի 19-ից (նա Անդրկովկասից հեռացավ 1860թ. ամռանը) ուսանում էր Դորպատի համալսարանի տնտեսագիտական բաժնում, 1863թ. հունվարից ուսուցիչ էր էստոնական Ֆելլին քաղաքի մասնավոր գիմնազիաներից մեկում: Երբ նա Անդրկովկաս վերադարձավ, մորն այլևս կենդանի չգտավ (Էմիլիեի հուղարկավորության նկարում, նրան շրջապատող հարազատների մեջ Վարդանը չկա): (Հիշյալ նկարը մեր միջոցով տիկին Վիկտորյա Աբովյանը հանձնել է գրականության և արվեստի թանգարանին): Հայրական ժառանգությունը, այդ թվում նաև Աբովյանի ձեռագրերը, բնականաբար, մնացել էին քրոջ՝ Ադելայիդե-Զարմանդուխտի (1843-1909) մոտ, որի տանը վերջին տարիներին ապրում էր մայրը: Իսկ Ադելայիդեն դեռ 1859-ին ամուսնացել էր Երևանում պաշտոնավարող Գրիգորի Յակովլևիչ Բոժևսկու հետ (հարկային տեսուչ էր), երեխաներ ունեցել:
Երկար բաժանումից հետո (1870) մտնելով քրոջ հարկի տակ, Վարդանը հոր՝ Խաչատուր Աբովյանի ձեռագրերը գտնում է անմխիթար վիճակում, շատը ցրված ու կորած, իսկ դիմանկարը՝ անհետացած:
Նա անհապաղ տեր է կանգնում հոր գրական ժառանգությանը, ձեռագրերը կարգի բերում, յոթ փականքի տակ դնում և ամեն ջանք գործ դնում, որ ցրվածները ևս կարելի լինի հավաքել, չնայած շատ բան նորից մնում է ուրիշների ձեռքին կամ ընդմիշտ կորած: Հետևողական որոնումների շնորհիվ, ի վերջո, նրան հաջողվում է գտնել նաև հոր նկարի հետքերը:
Ահա թե ինչ է հաղորդում այդ մասին շատ տարիներ հետո անցյալի մեր հայտնի հանրային գործիչներից մեկը, երբեմնի դորպատական, բժիշկ Լևոն Տիգրանյանը. «Երևանում 1881թ. մտա Խաչատուր Աբովյանի որդի Վարդանի մոտ, որ իմ հին ընկերն էր: Նրա մոտ տեսա նրա հոր յուղաներկ պատկերը: Ես շատ ուրախացա, որ գտա մեր հռչակավոր Աբովյանի պատկերը: Վարդանին հարցրի դրա լուսանկարի մասին, նա ասաց, որ լուսանկարը երբեք չի վերցվել: Վարդանն ինձ պատմեց, որ այդ պատկերը 15 տարի շարունակ կորած էր համարվում և գտնվում էր մի պարոնի մոտ, որ սեփականացրել էր: Չգիտեմ Վարդանն ինչ միջոցներով կրկին ձեռք բերեց»: («Լումա», 1903, ɴ 5):
Ո՞վ է եղել Աբովյանի դիմանկարը սեփականացնող «պարոնը» չհաջողվեց պարզել: Մի բան սակայն հաստատ է, և այդ անձամբ լսել ենք Խաչատուր Աբովյանի թոռնուհուց՝ տիկին Վիկտորյա Աբովյանից. Խ. Աբովյանի դիմանկարը որդու ձեռքն է հասնում անմխիթար վիճակում՝ եզրերը մաշված ու պատռված: Տիկին Վիկտորյայի ասելով՝ հորաքրոջ (Ադելայիդեի) երեխաներն էին դրա հանցավորները, որոնք այդ ձևով էին «հանաքներ արել» իրենց հանճարեղ պապի հետ:
Հոր դիմանկարը վերականգնելու համար Վարդանը խնդրում է նկարիչ Գ. Բաշինջաղյանի աջակցությունը: Վերջինս նկարի պատառոտված եզրերը կտրում, ուղղում է, անջատված մասերն իրար մոտ բերում և ապա՝ ամբողջը կպցնում ամուր ստվարաթղթի վրա, իսկ այն տեղերը, որ բաց էին մնում, լրացնում սև ներկով:
Նկարն այնուհետև սրբություն է դառնում Աբովյանի որդու, ապա նաև նրա թոռների համար, որոնք և 1938թ.օգոստոսին, գրողի ողջ ձեռագրերի հետ միասին, պապի պատկերը ևս նվիրում են Հայաստանի գրական թանգարանին, ուր և խնամքով պահվում է այժմ:
Պատկերված անձնավորությունն իսկապես Խ. Աբովյաննն է, հաստատվում է որդու ցուցումներով, որն անտարակույս, իր հորը ավելի լավ պիտի հիշեր ու ճանաչեր (երբ Աբովյանն անհայտ կորավ, որդին ութ տարեկան էր), քան որևէ մեկը:
Պրոֆ. Ֆ. Պարրոտի հետ Արարատի գագաթ բարձրացած լինելը նրան դարձրել էր համընդհանուր հետաքրքրության առարկա: Շատերն էին ձգտում նրա հետ ծանոթություն հաստատել: Նման պարագայում Դորպատյան նկարիչների հետաքրքրությունն Աբովյանի անձով միանգամայն հասկանալի է: Այն տարիներին Ռուսիայում և Եվրոպայում դեռ լուսանկարչություն չկար, մարդկանց պատկերները հանում էին կա՛մ ստվերանկարի ձևով, կա՛մ յուղաներկով, կա՛մ էլ վիմագրական եղանակով (գրավյուրա): Երեք ձևն էլ շատ էր տարածված Մերձբալթյան երկրամասում և, մասնավորապես, Դորպատում: Շատ հնարավոր ու հավանական է, որ Դորպատի հորդորով կամ հանձնարարությամբ է ստեղծվել Աբովյանի դիմանկարը, թեպետ այդ հաստատող ուղղակի տվյալներ առայժմ չկան մեր ձեռքին:
Այդ ժամանակ Էստոնիայում և, մասնավորապես Դորպատում ապրում և ստեղծագործում էին մի շարք նկարիչներ, որոնցից ոմանց հետ, այլ և այլ առիթներով, շփվել էր Աբովյանը: Այդ նկարիչները միաժամանակ մոտ էին կանգնած Դորպատյան համալսարանին, գծագրել էին վերջինիս շատ դասախոսների դիմանկարներ: Հարկ է հիշել այդ նկարիչներից հատկապես չորսին՝ Կարլ Աուգուստ Զենֆին (1770-1838), Աուգուստ Մաթիաս հագենին (1794-1878), Գևորգ Ֆրիդրիխ Շլատերին (1804-1870) և Լյուդվիգ ֆոն Մայդելին (1795-1846):
Բոլորից առանձնանում է Մայդելը: Դորպատում, Աբովյանի ուսումնառության տարիներին, նա ուներ վիմագրատուն, անձամբ նկարազարդել էր Ֆելմանի էստոնական հեքիաթները, Ժուկովսկու առանձին երկեր և Պուշկինի «Գնչուները»: Հայտնի է, վերջապես, նրա սքանչելի ինքնանկարը՝ վրձինված մոտավորապես 1829 թվականին: Հատկապես այս ինքնանկարը մարդու դիմագծերը վերարտադրելու եղանակով, գույների ընտրությամբ, շրթունքների, քթի, աչքերի գծագրման ինքնատիպությամբ, սերտ ազգակցություն ունի Աբովյանի դիմանկարի հետ: 19-րդ դարի էստոն գեղարվեստի լավագույն գիտակներից մեկը՝ Տարտուի համալսարանի պրոֆեսոր Վ. Վագան, մեր խնդրանքով բաղդատեց իրար հետ Աբովյանի դիմանկարն ու Մայդելի ինքնանկարը և հանգեց համանման եզրակացության՝ Աբովյանի դիմանկարի ցարդ անծանոթ հեղինակը Լյուդվիգ ֆոն Մայդելն է: Սա Աբովյանի միակ դիմանկարն է: Մայդելը նկարել է քսանամյա, խոհուն մի երիտասարդի, որը նոր միայն հրաժեշտ տված լինելով իր հայրենիքին, իր երբեմնի վանական զգեստներին ու կենսապայմաններին, տակավին չէր հարմարվել նոր միջավայրին, դեռ զգուշորեն էր հաղորդակցվում իր շրջապատի հետ, խուսափում էր իր երազանքների ու առօրյա հոգսերի մասին խոսել, դատել ու դատապարտել… Իսկ երբ մարդ քաշվում ու թաքցնում է իր ներքինը, նրա հոգու ու մարմնի էական գծերը դառնում են դժվարընթեռնելի, նամանավանդ, որ Աբովյանի դիմանկար ստեղծողը օտարերկրացի էր, հայի ազգային բնավորությանը և պատմությանը չի ճանաչում: Պետք է գուրգուրանքով և երախտագիտությամբ հիշենք դիմանկարն ստեղծող նկարչին՝ Լյուդվիգ ֆոն Մայդելին:

Խ.Աբովյանը՝ ուղեկցող
Խ.Աբովյանի գավառական տեսուչ աշխատելու տարիներին, Հայաստանում ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարելու նպատակով, հաճախ Երևան էին գալիս օտար գիտնականներ, որոնց իշխանության հանձնարարությամբ ուղեկցել է Աբովյանը և արժանացել նրանց երախտագիտությանը:
1838թ.գարնանը Աբովյանը շրջագայել է ներքին խորհրդական, բարոն սենատոր Պ.Հաանի հետ: Գերմանացի գիտնական Հաանը ուղարկված էր Նիկոլայ 1-ինի կողմից, ուսումնասիրելու Անդրկովկասը՝ վարչական վերակառուցման նախագիծ կազմելու նպատակով: Աբովյանն այս ճամփորդությունը կատարել է Թիֆլիսից Հայաստան: Թիֆլիսից դուրս գալով շրջում են Թելեթում, Շուլավերում, Լոռիում: Հասնում են Ալեքսանդրապոլ, ապա՝այցելում Անի: Սարդարապատի և Արմավիրի վրայով գալիս հասնում են Էջմիածին: Հաանը ճանապարհվում է Կողբի հանքերը, իսկ նրա կինը՝ Աբովյանի հետ՝ Էջմիածին: Ամբողջ ճամփորդությունը Աբովյանը նկարագրել է մի նամակի մեջ, որն ուղղված է եղել Թիֆլիսի դպրոցի աշակերտներին»:
Ամբողջ ճամփորդության ընթացքում Պ. Հաանի կինը մատիտն ու տետրը ձեռքին նշումներ է կատարել, իսկ երեկոյան, երբ որևէ տեղ իջևանել են, գրել է ճամփորդության պատմությունը:
Շրջագայությունը տևում է երկու շաբաթ: Հետադարձ ճանապարհին մի քանի օր մնում են Երևանում, ապա մեկնում Ծաղկաձոր, Նոր Բայազետ, Չիբուխլու, Դիլիջան և հասնում Թիֆլիս:
Այս ճամփորդության մասին գրված ուղեգրական ակնարկը գիտական կարևոր տվյալներ է տալիս գիտնականներին, որն ունի խոշոր տեսական նշանակություն: Նկարագրելով Արևելյան Հայաստանի տարբեր տարածքները, բնությունն ու բնական ռեսուրսները՝Աբովյանը կոչ է անում ավելի խոր ուսումնասիրել հայրենիքի հարստությունը:
Այնուհետև ժամանակավորապես ընդհատվում են նրա ճամփորդությունները: Հինգ տարի անընդմեջ նա տարվում է մանկավարժական աշխատանքով և գրական գործունեությամբ:
1843թ.ապրիլի 5-ին Անդրկովկասի ուսումնարանների վերատեսչի պաշտոնակատարից Խ.Աբովյանը ստանում է գրություն, որի համաձայն պետք է ուղեկցեր բավարացի գիտնական դոկտոր Մավրիկիոս Վագներին: Վագները եկել էր Հայաստան աշխարհագրական հետազոտություններ կատարելու նպատակով: Նրանց ճանապարհորդության երթուղին սկսվում է Թիֆլիսից, այնուհետև Ղազախ, Քարվանսարա(Իջևան), Դիլիջան, Սևանա լիճ, Հրազդան, Երևան, Էջմիածին, Երասխ(Արաքս) գետ, Ալեքսանդրապոլ, Ղշլաղ (Ժդանով), Լալվարի լեռներ, Թիֆլիս:
1852թ. հրատարակվում է Մ.Վագների «Ուղևորություն դեպի Արարատ և Հայկական լեռնաշխարհ» գիրքը, որից կարող ենք տեղեկություններ ստանալ ուսումնասիրությունների մասին:
Մ.Վագների հետ ճանապարհորդությունը տևում է երեք շաբաթ:
1843թ.ամռանը Երևանի գավառական ուսումնարանի տեսուչ աշխատելու տարիներին Աբովյանին առաջարկում են ուղեկցել գերմանացի գիտնական, ճանապարհորդ, գաղտնի խորհրդական Ա. Հաքստհաուզենին: Հաքստհաուզենը պրուսական չինովնիկ էր, ագրարային հարաբերություններ հետազոտող: Նա ճանաչված էր իբրև Պրուսիայի և Ռուսաստանի հողատիրության և հողօգտագործման լավագույն գիտակ, շրջագայել է Անդրկովկասում, այցելել Հայաստան: Դորպատում անցկացրած անձնական ուղևորություններից, այնուհետև Պ. Հաանի հետ զրույցներից Խ. Աբովյանը ստացել էր սեղմ գիտելիքներ ագրարային հարաբերությունների վերաբերյալ, բայց Ա.Հաքստհաուզենի հետ ուղևորությունները նրա մեջ ձևավորում են տնտեսաաշխարհագրական ու քաղաքական բնույթի նոր հասկացություններ ու պատկերացումներ: Բարոնը շատ գոհ է մնացել և հնգօրյա ճամփորդությունից ստացած տպավորություններն ու շնորհակալական խոսքն է գրել հայ ուղեկցողի մասին իր երկհատոր «Անդրկովկասյան երկրամաս» աշխատության մեջ (Լայպցիգ 1856թ.) և նշում է, որ Հայաստանի վերաբերյալ տվյալները հիմնականում ստացել է Խ.Աբովյանից:
Գտնվել է մի վավերագիր, որը վկայում է, որ Ա. Հաքստհաուզենին ուղեկցելուց անմիջապես հետո Խ. Աբովյանը շրջագայել է ոմն Լիվինի հետ: Դրա մասին իմանում ենք Էջմիածնի սինոդի դատախազի պաշտոնակատար Մարինովի՝ 1843թ. սեպտեմբերի 11-ին, Անդրկովկասի քաղաքացիական մասի պետ գեներալ Գուտկոյին ուղղված զեկույցից : Փաստաթղթի հեղինակը բողոքում է Խ.Աբովյանից և ավելացնում, որ բարոն Հաքստհաուզենից հետո էլ նա հասցրեց «…որսալ մեկ ուրիշ ճանապարհորդ», այսինքն՝ Լիվինին: Նա գրում է, թե օրերս բերեց նրան Էջմիածնի վանքը, բայց չհայտնեց ոչ իր, ոչ էլ նրա մասին, չխնդրեց ցույց տալ հնություններն ու տեսարժան վայրերը և խղճուկ շուկայի անպատշաճ տաղավարներից մեկում նախաճաշելուց հետո, վերադարձավ (Մատենադարան, գիտական նյութերի ժողովածու, N1, Երևան, 1941, էջ193): Ո՞վ էր այդ ճանապարհորդը, ու՞մ կարգադրությամբ է ուղեկցել նրան Խ.Աբովյանը և բացի Էջմիածնից որտե՞ղ է տարել և ինչպիսի՞ գիտելիքներ է ստացել նա այդ անձնավորությունից, ցավոք, ոչինչ հայտնի չէ: Միայն ենթադրաբար կարելի է ասել, որ դա կարող է լինել Դորպատի համալսարանի նախկին շրջանավարտ բարոն Վ. Կ. Լիվինը, որը 30-40-ական թվականներին կառավարության հանձնարարությամբ շրջագայություններ էր կատարում Փոքր Ասիայում, հավաքում տեղեկություններ այդ երկրների մասին և կարող էր այցելել Արևելյան Հայաստան ևս ու հանդիպել Խ.Աբովյանին:
Հաջորդ ճանապարհորդությունը Խ.Աբովյանը կատարում է 1844թ. մայիսին գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Բոդենշտեդտի հետ: Նա հայտնի էր ռուսերենից, անգլերենից և արևմտյան մի քանի լեզուներից կատարած թարգմանություններով: Բոդենշտեդտը Երևան էր եկել հավաքելու և գրի առնելու հայ և Հայաստանի տարածքում ապրող մյուս ժողովուրդների՝ քրդերի և եզդեների ազգային երգերը: Աբովյանի շնորհիվ նրան հաջողվում է գրի առնել հիշյալ ժողովուրդների պատմածները իրենց կենցաղի, բարքերի և սովորույթների վերաբերյալ: Այսպես, Աբովյանը խորանում է նաև աշխարհագրությանը հարակից մեկ ուրիշ գիտության՝ ազգագրության մեջ: Ճամփորդության ավարտից հետո Աբովյանը խոստանում է շարունակել նույն աշխատանքը՝ հավաքել և գրի առնել ժողովրդական երգերը և ուղարկել նրան: Բոդենշտեդտի մեկնելուց որոշ ժամանակ անց, Աբովյանը ուղարկում է ժողովրդական երգերի մի տետր՝ գերմաներեն բացատրություններով: Այս ճանապարհորդական տպավորություններն ու ուսումնասիրությունները զետեղված են Բոդենշտեդտի «Հազար ու մի մեկ օր Արևելքում» մեծածավալ (3հատոր) աշխատության մեջ և «Հիշողություններ իմ կյանքից» գրքում:
Գերմանացի գիտնականը Աբովյանին տեսել է նյութական ծայրահեղ կարիքի մեջ և այդ չքավորությունը մի քիչ թեթևացնելու նպատակով մտադրված է եղել ժողովրդական երգերի հրատարակությունից ստացված եկամուտը հատկացնել նրան: Հայաստանին հրաժեշտ տալուց հետո էլ շարունակվում են նրանց բարեկամական կապերը: Հետագայում Բոդենշտեդտը իր հիշողություններում հետաքրքիր տեղեկություններ է տալիս Աբովյանի կյանքի վերջին շրջանի վերաբերյալ: Կյանքից ամբողջովին հուսալքված՝ նա մի նամակի մեջ պատմում է իր մտադրությունների մասին, որ մտադիր է եղել թողնել պաշտոնն ու քաղաքը և քաշվել մի գյուղ, որտեղ կապրի հողագործի ազնիվ վաստակով:
1844թ. Անդրկովկասյան ուսումնարանների ղեկավարության կողմից Աբովյանը գրություն է ստանում, որի համաձայն պետք է ճանապարհորդեր գերմանացի բուսաբան Կարլ Կոխի հետ: Գիտարշավներին մասնակցելու, հրատարակված և չհրատարակված աշխատությունների շնորհիվ Խ.Աբովյանն արդեն հայտնի էր որպես իր ծննդավայրը լավ ճանաչող և գիտություններ սիրող ուսուցիչ: Նա օգնում է Կոխին գիտական դիտարկումներ կատարելիս՝ բույսերի հավաքման ու տեսակավորման գործում:
1844թ. Աբովյանը ճամփորդում է նաև Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ՝ Հերման Աբիխի հետ, որը զբաղվում էր Անդրկովկասի և Պարսկաստանի երկրաբանական կառուցվածքի հետազոտություններով: Հայաստանում երկարատև շրջագայությունների ժամանակ Աբիխը մտերմացել էր Խ.Աբովյանի հետ և մասնակից դարձրել իր ուսումնասիրություններին: Նա մտադրված է եղել բարձրանալ Արարատի գագաթը, ինչն էլ երկու անգամ անհաջող փորձերից հետո չի իրականացել: Անհաջողության պատճառը այդ տարվա անընդհատ տեղացող ձյունը, քամիներն ու վատ եղանակն է եղել, որի մասին տեղեկացրել է Աբովյանը Կովկասի ուսումնարանական մասի կառավարիչ գեներալ Շրամին ուղղված զեկուցագրի մեջ: Հ.Աբիխը ի վերջո բարձրանում է Արարատի գագաթը՝առանց Խ.Աբովյանի: Հ.Աբիխի գիտարշավի հետազոտությունները հետագայում հրատարակվեցին: Այդ ուղևորության մասին Աբովյանը մի քանի ուշագրավ ակնարկներ է կատարել իր «Արևմտյան երեք իմաստություններ» և «Արևմտյան երեք իմաստուններ՝քրիստոնյա մոլլայի ուղեկցությամբ» երկու երկերի մեջ (1846կամ1847թթ.), իսկ Աբիխի աշխատությունները հրատարակվել են շատ ավելի ուշ: Այս հանգամանքը վկայում է Խ.Աբովյանի ինքնուրույն ձեռք բերած գիտական աշխարհագրական գիտելիքների մասին: Աբովյանը ճանապարհորդ ընկերներից ավելի շուտ է գրում նրանց հետ կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին:
1845թ.սկզբներին Խ.Աբովյանն ինքնուրույն ուղևորություն է կատարում դեպի Արևելյան Հայաստանում ապրող քրդերի և եզդիների բնակավայրերը, խորանում այս ժողովուրդների սովորույթների ուսումնասիրությունների մեջ և հետագայում գրում ազգագրական հարցերին նվիրված իր հայտնի աշխատությունները, դառնում ազգագրության հիմնադիրներից մեկը Հայաստանում:
Հաջորդ ճանապարհորդությունը Աբովյանը կատարում է 1846թ. սեպտեմբերի 14-19 ժամանակահատվածում՝ անգլիացի ճանապարհորդ Հենրի Դենբի Սեյմուրի հետ, որից աշխարհագրական նոր գիտելիքներ, առանձնապես, ձեռք չբերեց:
Օտարերկրացի այս ազնվականը սիրել է ճանապարհորդել արևելյան երկրներում՝ Հնդկաստանից վերադառնալիս, անցնելով Պարսկաստանի տարածքով, եկել է Ռուսաստան և Թիֆլիսում անհրաժեշտ պաշտոնական հանդիպումներից հետո թույլտվություն է ստացել բարձրանալ Արարատի գագաթը՝ 1840թ.հունիսի 20-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները տեսնելու համար: Այս ճանապարհորդության մասին Աբովյանը գրել է իր հայտնի «Նոր վերելք Արարատի գագաթը» աշխատությունը, որը տպագրվել է 1847թ. «Кавказ» լրագրում: Այն գրված է ճանապարհորդական նոթերի ձևով, որն արժեքավոր է նկարագրություններով,որը առաջինը վերաբերում է երկրաշարժի հետևանքներին, որը շատ հուզել է հեղինակին: Նա նշում է, որ ցավալի է տեսնել երբեմնի ծաղկյալ բնակավայրերը ամբողջովին ամայացած, որտեղ տարիներ առաջ շրջագայել էր հանգուցյալ բարերարի՝ Պարրոտի, պարոն Վագների և Աբիխի հետ: Վեց տարի առաջ այդ նույն վայրում գոյություն ուներ գեղեցիկ գյուղը՝ Ակոռին, իր հարստությամբ ու հնությամբ, բայց Արարատի մի ժայթքումը մի քանի րոպեի մեջ ամայություն է սփռել և ոչնչացրել 5000 բնակչի՝ իրենց տներով, այգիներով և դաշտերով:
Աբովյանը Հայաստանի տարբեր վայրերում ճանապարհորդություն է կատարել նաև ռուս գրող և գրականագետ Ա.Ն.Մուրավյովի հետ: Այս ճամփորդության հիմնական նպատակը եղել է ազգագրական հարցերը: Հետագայում «Վրաստան և Հայաստան» եռահատոր աշխատության մեջ Մուրավյովը մեջ բերելով Աբովյանից ստացած կարևոր տեղեկությունները, մեծ հարգանքով է խոսում նրա մասին:
Աբովյանի վերջին ուղևորությունը տեղի է ունեցել 1847թ. Ñոկտեմբերի 21-28: Երևանի գավառապետ Ն.Վ. Բլավատսկու հրավերով, նա մասնակցել է Բագրատունիների մայրաքաղաք՝ Անիի ավերակներում կատարվող շրջագայությանը: Այդ ճանապարհորդությունից ստացված տպավորությունները Աբովյանը գրում է «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» աշխատության մեջ: Այս երկը պարունակում է ուսումնասիրության համար շատ կարևոր փաստեր, որոնց առանձին հատվածները վկայում են Աբովյանի աշխարհագրական հարուստ գիտելիքների մասին:
Նկարագրելով Կողբ գյուղի աշխարհագրական դիրքը, Աբովյանն այն նպաստավոր է համարում այգեգործության, երկրագործության և անասնապահության համար, սակայն, բնակիչները տարվելով առավելապես աղահանման և աղամշակման աշխատանքներով, գյուղատնտեսության վերոհիշյալ ճյուղերով քիչ են զբաղվում: Կողբի կլիման և ջուրը առողջարար են, լեռները հարուստ են փարթամ արոտավայրերով, բազմաթիվ աղբյուրներով, պղնձով, մարմարով և այլն : (ԵԼԺ,հ.7,էջ193)
Ամփոփելով շարադրվածը, պետք է ասել, որ սկզբում Թիֆլիսում, այնուհետև Երևանում աշխատելու տարիներին, Աբովյանը մասնակցելով հայտնի գիտնականների գիտարշավներին, ընդարձակեց և կատարելագործեց իր աշխարհագրական գիտելիքները, որոնք վարպետորեն օգտագործում էր մանկավարժական գործունեության ընթացքում: Գիտական կարևոր նշանակություն ունեցող նրա ուսումնասիրությունները հետագայում հրատարակվեցին, իսկ որոշ դեպքերում էլ տեղ գտան գիտնականների աշխատությունների մեջ, որպես նրա ինքնուրույն ուսումնասիրությունների արդյունք:
Աբովյանը՝ որպես ուղեկցող, ժամանակագրությունը
1. Պ.Հաանի հետ-1838թ. .
2. Մ.Վագների հետ-1843թ.
3. Ա. Հաքստհաուզենի հետ-1843թ
4. Հ.Աբիխի հետ-1844թ.
5. Կ.Կոխի հետ-1844թ.
6. Ֆ.Բոդենշտեդտի հետ-1844թ.
7. Լիվինի հետ-1843թ
8. Ն. Մուրավյովի հետ-1846թ.
9. Հ. Սեյմուրի հետ-1846թ.
10. Ն. Բլավատսկու հետ-1847թ.

ԱԲՈՎՅԱՆԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆՄԱՀԸ

Աբովյանի անհայտացման մասին զանազան վարկածներ կան, ոմանք քաղաքական միտումների են վերագրում, այլոք թուրքերի վրիժառության հետևանք են ասում, իբրև թե պարսիկ խաների կանանց հետ ունեցած հարաբերության համար, նրանցից խեղդվել և անհայտացել է: Ասում են, որ գլխարկը, կոշիկի մեկ հատը, սերթուկը գտել են Զանգվի ափին, բայց այս ամենը բերանացի տարածված լուրեր են, հաստատ ոչինչ չկա: Ոմանք ել իբրև կնոջից լսած, ասում են, թե նա կորչելու նախընթաց երեկոյին շատ մտախոհ է եղել, ոչ ոքի հետ չի խոսել, վաղ երեկոյից մինչև ուշ գիշերը ժամը մինչև չորսը շարունակ գրել է՝ առանց վեր կենալու ու պառկելու:
Լուսադեմին արդեն Աբովյանը անհայտացել էր: Ոմանք ասում էին՝ թուրքերն են սպանել, թաղել և հետքը կորցնելու մտքով արտաքին նշանները գետի ափն են ձգել իբր թե՝ ինքնակամ գետն է ընկել ու խեղդվել: Հաստատ էր միայն, որ Զանգուն աղեցին, մաղեցին ամեն տեղ որոնեցին և դիակը չգտան:
Աբովյանի անհայտանալուց մի քանի օր հետո նրա ծանոթ Վեքիլովը գալիս է տիկին Աբովյանի մոտ և սկսում է հարց ու փորձ անել ամուսնու մասին, որ իբրև թե ինքը ոչնչից ոչինչ տեղեկություն չունի; Տիկինը պատմում է եղելությունը և ինքնակոչ պարոնը անմիջապես յուր պատրաստակամությունն է հայտնում ծառայելու բարեկամի ամուսնու նեղություններին մասնակից լինելու: Ի վերջո նրան հաջողվում է ինքնակոչ խնամակալի տենչալի տիտղոսին հասնել:
Տիկինն իրավացի պատճառներով իր հույսը չէր կտրում, որ Աբովյանը մի օր անպայման տուն կվերադառնա, քանի որ նա սովորություն ուներ առանց տանը հայտնելու զանազան կողմեր գնալ և այնտեղից նամակ գրել թե այս ինչ տեղն եմ:
Վեքիլովը, որ վաղուց տենչում էր յուր պաշտոնին, կնոջ սիրտը հանգստացնելու համար իբրև ապացույց, որ հիրավի Աբովյանը կորել է, բերում է մի կոշիկ և մի սերթուկ, հայտնելով, որ Զանգվի ափին են գտնվել: Սակայն Աբովյանի աշակերտները, դերձակը և կոշկակարը հերքում են, որ դրանք Աբովյանինն են:
Հնարագետ թուրքը երկրորդ փորձին դիմեց: Մի օր նա մի քանի ոսկոր և մի գանգ բերելով ասում է, որ սրանք Աբովյանի ոսկորներն են ու գանգը, սակայն բժիշկը զննելուց հետո այն եզրակացության է գալիս, որ 16 տարեկան աղջկա գանգ է մի քանի տարի ջրի մեջ մնացած:
Այսպես, թե այնպես Վեքիլովը շարունակում է լինել խնամակալ և փչացնել նրա ունեցած չունեցածը:
Աբովյանն ուներ մի քանի թուրք աշակերտներ, որոնցից մեկը Շաֆի բեկն էր: Սրա հայրը պարտքերի տակ է ընկնում ու փախչում Պարսկաստան՝ թողնելով կնոջը և որդուն Երևանում:
Աշակերտի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով Աբովյանը 700 ռուբլի փող է տալիս նրա մորը, որպեսզի վերջինս վճարի պարտքը և այգին ազատի պարտատերերից: Այս դեպքից հետո Աբովյանը կապվում է այդ հրաշալի այգու հետ, որ գտնվում է Երևանի արևելյան կողմում՝ Դամուրբուլաղ կոչված տեղում և շատ անգամ գնում է այդ այգին զբոսնելու: Թուրք խանումը յուր անկեղծ շնորհակալությունները միշտ հայտնում էր Աբովյանին և նրա ամուսնուն զանազան նվերներով:
Ժամանակակիցները սկսում են նրա վրա կասկածել և զանազան թեր ու դեմ ենթադրություններ անել: Այս ամենը բանաստեղծին ավելի էր ստիպում հաճախ լինել այգում:
Տիկին Էմիլիան բազմիցս նկատողություն է անում Աբովյանին՝ նրա հաճախակի այցերը թուրքի այգին, բայց նա ուշադրություն չի դարձնում կնոջ նկատողությունների վրա և շարունակում է յուր զբոսանքը նույն այգում:
Խոսակցություններն այնպիսի ծայրահեղության են հասնում, որ մի դիրք ունեցող մոլլա նախագուշակելով վտանգավոր ապագան, գնում է Աբովյանի կնքահայր գնդապետ Լիվդմինովի մոտ և հայտնում այն բոլոր դավադրությունները, որ թուրք ժողովուրդը պատրաստել է: Գնդապետն անմիջապես տեղեկացնում է տիկին Աբովյանին, որ վերջինս համոզի Խաչատուրին դադարեցնի այգի հաճախելը, բայց կնոջ խոսքերից հետո Աբովյանը ասում է, որ այժմ ավելի հաճախակի պետք է գնա, որ խալխին ցույց տա, որ իր սիրտը բարի է, թող ինչ ուզում են անեն, վախեցող չկա:
Այս խոսակցությունից մի քանի օր հետո Աբովյանն անհայտանում է: Շաֆի բեկի հայրը վաղուց Պարսկաստանից վերադարձել էր և մտածում էր Աբովյանի պարտքը մի կերպով վերջացնել: Ավելի հարմար է համարում Աբովյանին սպանել: Սպանությունը կատարվում է կացնով, և ապա ամփոփում են խնկելի մարմինը այգու խորքի հին փլատակների տակ: Նրա սիրելի աշակերտը մասնակից է եղել սպանությանը, հայտնի չէ. ոմանք ասում են, որ առաջի հարված տվողը նա է եղել, իսկ ոմանք էլ պատմում են, թե յուր հայրը ծածուկ է կատարել այդ եղեռնագործությունը: Այնուամենայնիվ, Աբովյանի գերեզման փորողը դարձավ նրա բարեգործությունը՝ 700 ռուբլին:
Այս մասին մինչև այսօր վկայում են թուրք ծերերից մի քանիսը, որոնք ծանոթ են եղել և՛ Աբովյանին, և՛ ժամանակի հանգամանքներին:
Տիկին Աբովյանը խնդրում է ոստիկանապետին խուզարկել այգին, սակայն անհետևանք: Թուրքերն այս մասին լսելով՝ հանում են դիակը և նետում Զանգուն: Ձկնորս Մարտիրոսը ձուկ որսալու ժամանակ հանկարծ սևաքարերի մեջ մի դիակ է գտնում, շապիկը գլխին քաշած, մարմինը բոլորովին այլանդակած, այնպես որ չի կարողանում ճանաչել, թե ո՞վ է. միայն եվրոպական ձևի շապիկը և կոճակները կարծել են տալիս, որ նոր օրերում անհայտացած Աբովյանի դիակն է: Խեղճ ձկնորսը վախենալով, որ դիակի տեղն ասելով ինքը կընկնի որոգայթի մեջ, քարերի արանքից հանում է և գցում ջրի զորեղ հոսանքի մեջ:
Շատերը հավանական են կարծում Մարտիրոսի պատմածը, որը երկյուղով միայն իր կյանքի վերջին օրերումն է պատմել:
Աբովյանի ողբերգական մահվանից անցնում է մի քանի տարի: Աբովյանի դուստր Զարմանդուխտը՝ ավարտած Թիֆլիսում Մադամ Ֆաուրի երեքդասյան դպրոցը, գալիս է Երևան. դեռ հոր անհայտանալու մասին ոչինչ չէր իմանում, ոչ ոքից չէր լսել Շաֆի բեկի այգում սպանվելու մասին: Այդ այգու մոտով քայլելիս նա հանկարծ թուլություն է զգում, սիրտը ցավում է և չի կարողանում առաջ գնալ: Այս ամենը նա պատմում է մորը: Մայրն արտասվելով ասում է, որ յուր հայրն այդտեղ է սպանվել, այդ պատճառով էլ նա ցավ է զգացել այգու մոտով քայլելիս:

Ապրիլի 2-ին, վաղ առավոտյան Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Աբովյանի անհայտանալու լուրն արագությամբ տարածվում է քաղաքում: Աբովյանի անհայտացման լուրը զանազան ենթադրությունների խոսք ու զրույցի առարկա է դարձել: Ասումեն, թե իբր Աբովյանը զոհ էգնացել ցարական կառավարության խարդավանքին իր վառ և բացահայտ հայրենասիրության համար: Բարձր իշխանության հրամանով ցարական գաղտնի ոստիկանության ծպտյալ գործակալներն իբր թե անակնկալ վրա են հասել, ձերբակալել և «սև կառեթով» անհետ տարել, աքսորելով նրան Սիբիրի խորքերը, որտեղ նրան տեսել է հայտնի Չերնիշևսկին և այդ մասին հետո հայտնել Հաշտարխանի հայերին: Հայ աքսորականներից մինչև իսկ տեսնողներ են եղել նրա գերեզմանը՝ Օխոտսկ քաղաքում որոշ տապանագրով մի ծածկի տակ: Չերնիշևսկին շփոթել է Գևորգ Աբովյանին Խ. Աբովյանի հետ:
Նման կարծիք կա, որ Աբովյանը հուսահատությունից ինքնասպան է եղել, հայտնել է նրա անհետանալու մասին և Փարիզի «Արևմուտք» երկշաբաթաթերթի խմբագիր, հայտնի Ստեփան Ոսկանը, երբ Փարիզում նա 1859թ. պատահել է Աբովյանի աշակերտներից մեկին և նրանից տեղեկացել հիշյալ հանգամանքի մասին: Նա գրել է. «Իր կորուստն երեք կերպով կրնա մեկնվիլ. Կամ հուսահատութենեն ինքնամեռելավհ աշխարե, կամ ուրիշներե սպանվեցավ և կամ զոհ եղավ անխուսելի վտանգի մը»:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հիմնադրման մասին
Աբովյանների տոհմատունը կառուցել է մեծ Ապովի թոռ պարոն Ապովը՝ Խաչատուրի պապը՝ 18-րդ դարի երկրորդ կեսին: Ակնհայտ է, որ այն ենթարկվել է ձևափոխումների, բայց հիմնականում պահպանվել է այն տեսքով, ինչպիսին եղել է սրանից 200 տարի առաջ:
Հենց այստեղ, 1805թ.աշնանը ծնվել է Խ. Աբովյանը և այս տանն է անցկացրել իր մանկության 9 տարին: Հայրական տունը մեծ տպավորություն է թողել Խաչատուրի վրա հետագայում դարձել բանաստեղծության նյութ.
Խղճիկն այն խրճիթ, անզարդ այն սրահ
Երկերթիկ այն տուն, ծխածեփ քարեաց
Լուսահատ անկյուն, խոռոչք բազմահ
Յատակ ի հողոց առաստաղ փայտեաց:
Տոհմային ավանդությունն ասում է , որ Խաչատուրը ծնվել է մառանում, որը նրա ծնողների համար ծառայել է որպես ննջասենյակ, իսկ հյուրերի համար հյուրասենյակ: Տոհմատան պատշգամբի դիմաց էլ տեղադրված է թանգարանի հիմնադրման հուշաքարը:
1937թ. Քանաքեռ է գալիս ժողկոմ Ասքանազ Մռավյանը և դիմում Արտեմ Աբովյանին, խնդրելով վաճառել Խ. Աբովյանի հայրական տունը, այն թանգարան դարձնելու նպատակով: 1938թ. ապրիլի 25-ին, ժողկոմխորհի որոշմամբ Աբովյանի մահվան 90-ամյակի կապակցությամբ, գրողի ապրած տունը վերակառուցվեց և դարձավ թանգարան:
Այդ նույն թվականին գրականության և արվեստի թանգարանը ձեռնամուխ եղավ Աբովյանին նվիրված ցուցահանդես ստեղծելուն, որը հետագայում տեղափոխվեց Քանաքեռ՝ մեծ Լուսավորչի տուն, մշտական ցուցադրման համար:
Ցուցահանդեսը տեղավորված էր սկզբում՝ տոհմական տանը, ապա՝ տոհմատան դիմացի Աբովյանի հարազատների նախկին երկսենյականոց տանը: Հիմնականում կառուցումն ու վերաձևավորումը տեղի է ունեցել 1964 թ. ամռանը և ավարտվել մոտավորապես 1978թ.: Վերակառուցմանը զուգահեռ Քանաքեռ է տեղափոխվում Ա. Տեր-Մարուքյանի 1913թ. Փարիզում կերտած արձանը և 1964թ.իր վերջնական հանգրվանը գտնում տուն-թանգարանի տարածքում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s